Որևէ անձի չի կարող մեղադրանք առաջադրվել, եթե հայտնի չեն հանգամանքները. ՀՔԾ-ն չի կոնկրետացրել....



Այն պարագայում, երբ ՀՔԾ-ն առայսօր չի կարողացել կոնկրետացնել, թե կոնկրետ անձանց մահվան, վնասվածքների, գույքի վնասման հանգամանքները ինչպես են առաջացել, դեռևս ոչ մեկը չգիտի դրա մասին, չի կարող և՛ միջնորդավորված, և՛ անմիջական որևէ կապ լինել որևէ անձի հետ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ 

«Նախապես պետք է ապացուցվի կամ լինի վարկած՝ հիմնավորված, դատարան ուղարկված, որ այս անձը կոնկրետ տուժել է այս գործողության արդյունքում, որովհետև, որքան էլ ցավալի իրադարձությունների հետ գործ ունենք՝ կարող են լինել բազմաթիվ վարկածներ, որոնցից ոչ մեկը ո՛չ հաստատվել է, ո՛չ հերքվել։ Անձը կարող է տուժել ոստիկանի գործողությունների արդյունքում, պետական որևէ ուժային կառույցի գործողության արդյունքում, կարող է տուժել իր գործողությունների արդյունքում, իր հետ կանգնած մարդու գործողության արդյունքում, երրորդ ուժերի միջամտության արդյունքում »,- նշեց Խուդոյանը՝ ավելացնելով, որ ՀՔԾ-ն առայսօր որևէ այսպիսի հարցի պատասխան չի տվել, մի դրվագով շտապել մեղադրանք են առաջադրել, հետո այդ գործը կորել է։ Վերջինիս խոսքով՝ որևէ անձի չի կարող մեղադրանք առաջադրվել, եթե հայտնի չեն հանգամանքները։

Խուդոյանն ընդգծեց, որ որքանով էլ կան իրավական խոչընդոտներ, ողջամիտ է, որ դատավարությունը շարունակվի ամբաստանյալների, պաշտպանների, մեղադրողների մասնակցությամբ, բացի այդ, դատարանի աշխատակազմի աշխատանքը ևս կթեթևանա, քանի որ հարկադրված չեն լինի հատորներով ծանուցումներ ուղարկել այն անձանց, ովքեր ոչ իրավաչափ մասնակցություն են ունեցել վարույթում։ Նշենք, որ տուժող կողմը չի մասնակցում դատական նիստին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ տուժող Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ տուժող կողմն այլևս չի պատրաստվում ֆիզիկապես մասնակցել դատական նիստերին՝ անվանելով դատավարությունը «թանկարժեք դատավարության և ֆարսի»։ Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո