ԱԺ հայտարարությունների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը անդրադարձավ Արմավիրի մարզի խաղողագործների կողմից բարձրացրած մտահոգություններին, առ այն որ նրանք խաղողի մթերման հետ կապված խնդիր ունեն: «Այս հարցը ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ նման խնդիր Հայաստանում չի կարող լինել, եթե որոշ կազմակերպություններ, քաղաքական ենթատեքստ հաղորդելով, արհեստական խոչընդոտներ չհարուցեն: Օրինակ՝ Երևանի Արարատ կոնյակի գինու և օղու կոմբինատը կրճատել է իր մթերումները 50 տոկոսով, ինչը անհանգստացնում է քաղաքացիներին: Սա մանիպուլյացիների տեղիք է տալիս, տարբեր մեդիաներ փորձում են սա մանիպուլացնել և, բնականաբար, թիրախում հայտնվում է Կառավարությունը, որ Կառավարությունը չի օգնում գյուղացուն»,-ասաց նա:
Նարեկ Մկրտչյանը նշեց, որ մյուս կեղծ լուրն այն է, իբրև Կառավարությունը չի աջակցում խաղող մթերող ընկերություններին, հետևաբար՝ չեն կարողանում ամբողջ ծավալով մթերում իրականացնել: Պատգամավորը նաև հայտնեց, որ Կառավարությունը տրամադրում է մինչև 3 միլիարդ անտոկոս վարկ՝ երկու տարվա ընթացքում մարելու պայմանով: Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Արմավիրի մարզպետարանի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ նշված ընկերությունը սկսել է իրականացնել մթերում: