Ոսկու գինն աննշան ընկնում է


Հինգշաբթի առավոտյան աճուրդներում ոսկու գինն աննշան ընկնում է` ԱՄՆ-ում խթանիչ միջոցառումների վերաբերյալ անորոշության ֆոնին, հաղորդում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.18 տոկոսով կամ 3.35 դոլարով` կազմելով 1904.05 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.57 տոկոսով` կազմելով մեկ ունցիայի դիմաց 24.23 դոլար:

Ներդրողների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ տնտեսությանը հետագա աջակցության չլուծված հարցը համավարակի պայմաններում:

Ըստ ԶԼՄ-ների` ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ասել է, որ միջոցառումների նոր փաթեթը մինչեւ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները չի ընդունվի: Փաթեթի վերջնական չափը կարող է կախված լինել ընտրությունների արդյունքից, որոնցում կմրցեն գործող նախագահ Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Զո Բայդենը:

Ներդրողները սպասում են նաեւ ԱՄՆ-ի վերաբերյալ վիճակագրությանը: Ավելի ուշ հայտնի կդառնան տվյալները երկրում գործազրկության նպաստ ստանալու համար նախնական դիմումների քանակի վերաբերյալ, որոնց հավաքագրումն ավարտվել էր հոկտեմբերի 3-ին: Վերլուծաբանները ցուցանիշի նվազում են ակնկալում 15 հազարով` մինչեւ 825 հազար դիմում: Վիճակագրությունը կարող է ազդել դոլարի փոխարժեքի վրա, որի նկատմամբ ոսկու գները զգայուն են: