Vivaro-ն տուգանվել է․ Բադալյան եղբայրները Մալթայի քաղաքացիներ են. Hetq.am


Hetq.am-ը գրում է. Մալթայի Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժինը (FIAU) երբևէ ամենամեծ տուգանքն է կիրառել խաղային ընկերութան, այն է՝ Մալթայում գործող «Vivaro Ltd»–ի նկատմամբ: 733.160 եվրո տուգանք է նշանակվել այն բանից հետո, երբ FIAU-ն ստուգումներ է իրականացրել և օրենքի 10 խախտում հայտնաբերել հեռահար խաղերի օպերատոր Vivaro Ltd-ի գործունեության մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Times of Malta-ից։  Ընկերությունը չի կապակցել նույն լիցենզիայով տարբեր բրենդների ներքո խաղացող օգտատերերին։ Արձանագրվել է նաև գործունեության անարդյունավետ մոնիտորինգ, ինչպես նաև եկամտի պատշաճ աղբյուրների և ֆինանսավորման միջոցների բացակայություն։ Փոխանցումների մոնիտորինգի վերլուծական համակարգում նույնպես թերություններ են հայտնաբերվել։ Տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ ընկերությունը խաղացողներին «բարձր ռիսկի» դասել է միայն այն ժամանակ, երբ վերջիններս խաղերի վրա ծախսել են 2000 եվրոյից ավելի։ Մասնավորապես, Շահումով խաղերի վարչության ու Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժինների ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ 30 օգտատերեր հատել են 2000 եվրոյի սահմանը, սակայն չեն դասվել որպես «բարձր ռիսկի» խաղացողներ։ Այդպիսով FIAU-ն արձանագրել է, որ ընկերությունը չի հետևում նույնիսկ իր սահմանած կանոններին։ Ընկերությունը նաև բավարար տեղեկություններ չի հավաքել՝ հասկանալու համար, թե ինչ խաղացողների հետ է առնչվում:  FIAU-ն նշել է, որ «Վիվառո»-ի տնօրենների խորհուրդը հաստատել է ռիսկերի գնահատման վերաբերյալ իր վարքականոնը, սակայն չի նշվել, թե երբ է այն հաստատվել կամ վերանայվել, և FIAU-ն այն ոչ ադեկվատ է գնահատել։ Վարչական տուգանքից բացի, FIAU- ն հանձնարարել է ընկերությանը վերացնել թերությունները: Ինչ են անում Բադալյանները Մալթայում «Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները Մալթայում մի քանի ընկերություն են գրանցել իրենց բիզնեսը ծավալելու համար: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հետ իրականացվող Paradise Papers նախագծի շրջանակներում մեր ձեռքի տակ են Բադալյանների ընկերությունների փաստաթղթերը, որոնք ուսումնասիրում ենք դեռևս 2018թ․-ից։ Ըստ այդմ՝ նրանք բաժնետեր են Մալթայում գրանցված առնվազն 3 ընկերության: 2008-ին Մալթայում գրանցել են Vivaro Ltd ընկերությունը, իսկ 2015-ի օգոստոսին իրենց բաժնեմասը եղբայրները փոխանցել են Մեն կղզում գրանցված Soft Construct Limited-ին: 2014-ին նրանք Մալթայում ևս գրանցել են Soft Construct Malta Ltd, որի սեփականատերը կրկին Մեն կղզու գրանցումով Soft Construct Limited-ն է, իսկ 2015-ին Մալթայում գրանցել են FC Capital (Malta) Limited ընկերությունը:     «Նպատակը FastShift բրենդի ներքո վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալը և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելն է: Մալթայի լիցենզիայի դեպքում նշված ծառայությունները հասանելի կլինեն ամբողջ աշխարհում: Մեր ներկայացրած փաստաթղթերը և ծրագրային ապահովումը ներկայումս ուսումնասիրվում է, և 2018թ. հուլիսին նախատեսված է լիցենզիայի տրամադրումը: Ընկերությունը հարկատու է համարվում Մալթայի Հանրապետությունում»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին Բադալյան եղբայրները FC Capital (Malta) Limited ընկերության գործունեության մասին:  Մալթայի նրանց բիզնեսը կոորդինացնում է Քրիստինե Համբարձումյանը: Բադալյան եղբայրներն այժմ որպես բաժնետեր հանդես են գալիս Մալթայի միայն մեկ ընկերությունում՝ FC Capital (Malta) Limited-ում: Մյուս ընկերությունների բաժնեմասը Մեն կղզում գրանցված Soft Construct Ltd և նույն կղզում գրանցված Boston Nominees Limited-ինն են: Բադալյանների բիզնեսը Հայաստանում և Հայաստանից դուրս  2012 թվականին Մեծ Բրիտանիայի օֆշոր համարվող Մեկ կղզում Բադալյանները գրանցել են Soft Construct ընկերությունը, որը ներառում է «BetConstruct», «Ucraft.me», «FinConstruct» և «StartIUp»բրենդերն ու բիզնեսները։  Soft Construct ընկերությունն այնուհետև տարբեր երկրներում նույնանուն դուստր ընկերություններ է հիմնադրել՝ այդպիսով ապահովելով իր ներկայությունը ավելի քան 10 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կիպրոսում, Մալթայում, Հայաստանում և այլուր: Հայաստանում 2014թ․ գրանցված «Սոֆտ Կոնստրակտ» ՍՊԸ-ի փայատերը մինչև այս տարվա սեպտեմբերի 3-ը Մեն կղզում գրանցված համանուն ընկերությունն էր, սակայն նշված օրվանից Բադալյան եղբայրները դարձել են 50/50 բաժնեմասի սեփականատերեր։ «Սոֆտ Կոնստրակտ» ՍՊԸ-ն հայաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ 2017թ. դեկտեմբերի 7-ին կառավարությունը որոշեց «Նորք հոգեբուժական կենտրոն»-ից տարածք ու անշարժ գույք օտարել և տրամադրել «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ –ին: «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն ևս Բադալյանների բիզնեսի մաս է կազմում: Պետռեգիստրի տվյալների համաձայն՝ այստեղ եղբայրները ևս հավասար բաժնետերեր են։ «Վիվառոյի» գովազդները կարելի է տեսնել ամենուր՝ փողոցներում՝ գովազդային վահանակներին, հեռուստատեսությունում, օնլայն մեդիայում, սոցիալական ցանցերում։ Ընկերությունն ամենուր հիշեցնում է իր մասին։ Ճգնաժամային 2008 թվականին Բադալյան եղբայրները հիմնադրել են «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ն: Սա Բադալյանների մասնակցությամբ Հայաստանում գրանցված ընկերություններից ամենամեծ հարկատուն է: Ըստ top100bookmakers կայքի՝ Հայաստանում ամենից շատ ճանաչում ունեն 9 բուքմեյքերական ընկերություններ, որոնց շարքում «Վիվառո Բեթինգ»-ը երկրորդն է, նրանց բաժին է հասնում շուկայի 26,8 տոկոսը` ըստ ռեյտինգի զիջելով «Տոտո գեյմինգ»-ին։   2017 թվականի մայիսին Վիգեն և Վահե Բադալյաններն իրենց բաժնեմասը գրանցել են 79-ամյա հոր՝ Ռոմիկ Բադալյանի անվամբ, ով մինչ օրս «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի միանձնա բաժնետերն է: Նույն օրը Բադալյան եղբայրները մեկ այլ՝ «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ի (նախկին «Վիվառո Գեյմ» ՍՊԸ-ն) իրենց բաժնեմասն են փոխանցել հորը: «Վիվառո Գրուպ»-ը կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր: 2020թ․ մայիսի 6-ին կրկին վերաձևակերպել են բաժնեմասն իրենց անվամբ՝ 50/50 մասնակցությամբ։ Բադալյանների ընկերությունների մեծ մասում, ինչպես, օրինակ, «Սոֆթ Կոնստրակտ»-ում, տնօրենը Հարություն Համբարձումյանն է: Նա «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպության ղեկավարների խորհրդի անդամ է: Ինչպես նշվում է վարկային կազմակերպության կայքում՝ Հարություն Համբարձումյանը 2008-ից «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, իսկ 2015 թվականից ղեկավարում է «Վիվառո Գեյմ» ընկերությունը: 2017 թվականի Երևանի ավագանու ընտրության ժամանակ Հ. Համբարձումյանը ՀՀԿ-ից առաջադրվել էր ավագանու անդամի թեկնածու, սակայն ընտրություններում բավարար ձայնով քվե չի հավաքել և ավագանու կազմում չի ընդգրկվել։  2018թ․ մայիսի 31-ին նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Սոֆտ Կոնստրակտ» ընկերության գրասենյակ։ Նախագահի պաշտոնական կայքում նշվել է, որ Սոֆտ Կոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում և ավելի քան 500 գործընկեր: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: