Այսօր Երևանի ավագանու նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը նորանշանակ փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են վերելակների համար փոխանցվելիք գումարները: Հիշեցնենք՝ օրեր առաջ վերելակների փոխարինմամբ զբաղվող ընկերություններից մեկի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում և պահանջում էին իրենց աշխատանքի գումարը, որը չէին ստացել: «Փողերը փոխանցեցի՞ք, թե՞ ոչ, որովհետև բան էինք պայմանավորվել իրար հետ»,- հարցրեց Մարկոս Հարությունյանը: Ներսեսյանը պատասխանեց, որ ամեն բան ընթանում է՝ ըստ իրենց պայմանավորվածության: «Դուք այնտեղ էիք, տեսաք, որ Քաղաքապետարանը ոչ մի օրենքի շեղում չի ունեցել, պայմանագրի շեղում չի ունեցել: Այստեղ խնդիրը «ներքին ընտանեկան» էր տվյալ կազմակերպությունում, աշխատանքները, իմ իմանալով, ընթանում են, այն վերելակները, որոնք տեղադրված են, ԱԻՆ-ից ստացել են շահագործման թույլտվություն»,- ասաց Ներսեսյանը: Մարկոս Հարությունյանը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու Արզումանյան 10 և 17 վթարային շենքերի ճակատագիրը: «Հայկ Սարգսյանն ասել է, որ այդ գումարներն առկա են և պատրաստվում են Արզումանյան 10-ի և 17-ի համար նոր շենք կառուցել, արդյոք տիրապետո՞ւմ եք այդ տվյալներին և ի՞նչ գործողություններ եք պատրաստվում անել վթարային շենքերի հարցում»: Սերգեյ Ներսեսյանն ասաց, որ դեռ տեղեկություններ չունի այդ մասին, հետևաբար՝ հարցին պատասխանել չի կարող:
Поиск