Պատգամավորի պնդմամբ, քաղաքացին իր վարկային պայմանագրի հետ միայնակ չպիտի մնա


Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ-ում ընթանում են Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներ։ ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը կարծում է, որ անընդունելի է վարկերի մասով այնպիսի մոտեցումը, որով քաղաքացին մնում է միայնակ՝ դեմ հանդիման իր վարկային բեռին եւ վարկային կնքած պայմանագրին։ Նա նկատեց, որ պետությունը պետք է այնպիսի հարթակներ ստեղծի, որոնք քննարկման առարկա կդարձնեն այս բավական բարդ ու ցավոտ խնդիրը եւ հնարավորություն կստեղծեն այնպիսի լուծումներ գտնելուն, որը քաղաքացուն իր խնդրի հետ միայնակ չի թողնի։«Սա միայն ֆինանսական կարգապահության խնդիր չէ, ակնհայտ է եկամուտների անկումը, շատերը կորցրել են աշխատանքը, նվազել են եկամուտները: Փոքր, միջին բիզնեսի եկամուտներն էապես նվազել են, խնդիր կա վարկերի սպասարկման մասով»,- նշեց պատգամավոր Խաչատրյանը, կարեւորելով մասնավորի հետ արդյունավետ համագործակցությունը եւ վարկերի այնպիսի վերակառուցումը, որը թույլ կտա բիզնեսին նոր շունչ քաշել, եւ կարողանալ վերականգնվել։