Ուսուցիչներին խորհուրդ եմ տալիս՝ անիմաստ տեղը գումար չծախսել, չդիմել մասնավոր լաբորատորիաների...


Սեպտեմբերի 7-ից սկսած՝ իրականացվում է ուսուցիչների, դպրոցների ամբողջ աշխատակազմերի թեստավորում:

Կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը դպրոցներ կանխելու նպատակով սեպտեմբերի 7-ից COVID-19-ի հետազոտություն են անցնում ուսուցիչները։

 ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի փոխանցմամբ՝ իրականացվում է ոչ միայն ուսուցիչների, այլև դպրոցի ամբողջ աշխատակազմի թեստավորում:


«Թեև մեր լաբորատոր կարողությունները վերջին շրջանում հզորացել են, միևնույն է՝ 3 օրում հնարավոր չէր թեստավորում իրականացնել: Հիմա դեռ այն շարունակվում է և հոկտեմբերի առաջին տասնօրյակում կավարտենք:  Ուսուցիչների շրջանում դրական դեպքերի հայտնաբերումը մոտավորապես 1.5 տոկոսի շրջանում է: Սա նշանակում է, որ նպատակային է մեր միջոցառումը, վարակի տարածումը կանխարգելում ենք»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Լուսինե Պարոնյանը՝ հայտնելով, որ հայտնաբերված բոլոր դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների:

Անդրադառնալով դեպքերին, երբ կորոնավիրուսի դրական թեստից հետո երկրորդ անգամ ուսուցիչները ևս թեստավորվել են, և պատասխանը բացասական է եղել, սակայն մեկուսացել են, ինչը դժգոհություն է առաջացրել, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետը նշեց.

«Վերջին օրերին  Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից (ԱՀԿ) կողմից Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն անցել է արտաքին հսկողություն և  հետազոտման միջոցով 100 տոկոսանոց ճշգրտության արդյունք է տվել: Սա նշանակում է, որ մեր լաբորատոր կարողությունները բավականին բարձր մակարդակի վրա են, և դրանք կասկածի տակ դնել չի կարելի: Եթե մի լաբորատորիան տալիս է՝ դրական, մյուսը՝ բացասական պատասխան, ապա, միևնույն է,  այդ մարդը վարակակիր է, սակայն կարող է ախտանշաններ չունենալ:

Դեպքեր ենք ունեցել նաև, որ մարդն իրեն հիվանդ չի համարել, բայց երկրորդ շաբաթվա ընթացքում արդեն ախտանշաններ են զարգացել: Ամբողջ աշխարհում կա այդ խնդիրը, որ կարող  է մի լաբորատորիան տա՝ դրական, մյուսը՝ բացասական եզրակացություն: Բազմաթիվ գործոններ կարող են ազդել դրա վրա՝ սկսած նմուշառման տեխնիկայից, մինչև մարդու հաց կերած կամ, ասենք, բերանը ջրով ողողած լինելը: Եթե մեկ անգամ դրական է եղել պատասխանը, ուրեմն 100 տոկոս դրական է: Բացասականը կարող  է կեղծ լինել, իսկ դրականը՝ ոչ: Ուսուցիչներին խորհուրդ եմ տալիս՝ անիմաստ տեղը գումար չծախսել, չդիմել մասնավոր լաբորատորիաների, որովհետև միևնույն է՝ 14 օր պետք է մեկուսացվեն»:

Լուսինե Պարոնյանը հայտնեց, որ այս պահին 300-ից ավելի ինքնամեկուսացած ուսուցիչ կա: