Ուսանողները պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում. շուրջ 5000 ստորագրությամբ փաստաթղթով..


Մի խումբ ուսանողներ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից քայլերթ են անում դեպի Կառավարության շենք՝ ներկայացնելու 5000-ից ավելի ստորագրություններով փաստաթուղթը, որով պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում: Նախաձեռնությունը ԵՊՀ ուսանողական խորհրդինն է:


Ուսանողները նշում են, թե համավարակով պայմանավորված, երբ կրթական գործընթացը շարունակվել է հեռավար տարբերակով, եղել է ոչ բարձր որակով, ինչի հետևանքով ուսանողները տուժել են: Այժմ ստիպված են վճարել գումար՝ դրա դիմաց համարժեք կրթություն չստանալով:

Նրանք կարևորում են նաև այն հանգամանքը, որ համաճարակային իրավիճակում ուսանողները տուժել են նաև ֆինանսապես, նրանց ծնողները մատնվել են հարկադիր պարապուրդի, ինչն էլ ավելի է բարդացնում ուսման վարձի վճարումը:


Ըստ ուսանողների՝ թեև Կառավարության աջակցության ծրագիր է եղել, սակայն այն կազմվել է ոչ թե սոցիալական, այլ կրթական բաղադրիչով, ինչից նրանք բավարարված չեն եղել, ու այսօր էլ կան շատ ուսանողներ, որոնք դեռ նախորդ տարվա ուսման վարձը չեն վճարել:

«Կարծում եմ՝ Կառավարությունը պետք է իր հոգածության տակ գտնվող կրթության ոլորտը ուշադրության կենտրոնում պահի և ուսանողներին ընդառաջի, որ ֆինանսական խնդիրների պատճառով կրթությունից չզրկվի: Կրթությունը մեր ապագան է, և դրա վրա կատարված ցանկացած ներդրում արդարացված է»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը: