Ո՞ւմ հավատալ՝ պաշտոնական վիճակագրությա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանին․ Ո՞վ և ինչո՞ւ է կեղծում թվերը.168.am


Նիկոլ Փաշինյանը լծվել է համավարակի պայմաններում կառավարության քայլերն արդարացնելու գործին։ Թվեր է հրապարակում աշխատատեղերի ու աշխատավարձերի վերաբերյալ՝ փորձելով համոզել, որ կառավարության գործողությունները տվել են իրենց արդյունքը։


Ինչանո՞վ, դեռ կանդրադառնանք։ Բայց մինչ այդ հարկ է հիշել, թե համավարակը Հայաստանում ինչպիսի մարդկային կորուստների է հանգեցրել։


Համավարակից Հայաստանում ավելի քան 1100 մարդ է մահացել ու դեռ շարունակում է մահանալ։ Սա է առաջին հերթին կառավարության աշխատանքի գնահատականը։

Արհամարհելով մարդկանց առողջությունը՝ առանց հիմքերի ապրիլից հանեցին սահմանափակումների մեծ մասը և հասարակությանը դրեցին  հարվածի տակ։ Մինչ այդ էլ իբր թե արտակարգ դրություն էին հայտարարել, բայց ոչինչ չարեցին համավարակի տարածումը սկզբնական շրջանում կանխելու և հնարավորինս մեկուսացնելու համար։

Արդյունքը եղավ այն, որ համավարակի ցուցանիշով Հայաստանը հայտնվեց ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի վատագույն երկրների շարքում։

Գալու է ժամանակը, և հասարակությունը պատասխան է պահանջելու կառավարությունից արածի ու չարածի, այն բացթողումների համար, որոնց բախվեցինք համավարակի պայմաններում իշխանությունների անգործության հետևանքով։ Ոչինչ չի կարող փոխարինել մարդկային այն բազմաթիվ կյանքերին, որոնք ընդհատվեցին համավարակի տարածումը ժամանակին չկանխելու և արհամարհական վերաբերմունք դրսևորելու պատճառով։


Գալու է այս ամենի համար պատասխան տալու պահը, ինչքան էլ փորձ արվի արդարացումներ գտնել։

Որ կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, կասկածից վեր է։ Չի շահել նաև տնտեսությունը։

Տնտեսության կորուստները կարող էին շատ ավելի քիչ լինել, եթե ժամանակին ճիշտ կազմակերպվեր համավարակի դեմ պայքարը։ Այդ է վկայում աշխարհի մի շարք երկրների, նույն թվում՝ Վրաստանի հաջողված փորձը։ Պատահական չէ, որ հիմա Վրաստանը բացել է իր սահմանները, իսկ Հայաստանը դեռ երազում է այդ մասին։ Ու դրա պատճառը համավարակի դեմ պայքարում իշխանությունների ցուցաբերած անփույթ և անպատասխանատու վերաբերմունքն էր, ինչի հետևանքով հասարակությունն ու տնտեսությունը հայտնվեց ծանր փորձության առաջ։

Համավարակից Հայաստանի տնտեսության կորուստները գնահատելու շատ առիթներ դեռ կլինեն։ Միայն այն, որ երկրորդ եռամսյակում ունենք գրեթե 14 տոկոս տնտեսական անկում, բավական է պատկերացնելու կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը։

Այնպես չէ, որ դրանք արդյունավետ են եղել նաև աշխատատեղերի ու աշխատավարձերի պահպանման համար, ինչպես փորձում է հիմնավորել Նիկոլ Փաշինյանը։

«2020թ. հուլիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին, և որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ:

Ճշգրտված տվյալներով, եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է՝ 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին՝ 609 հազար 302 աշխատատեղերի միջև, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ:

Եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ:

Հիշեցնեմ, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունն ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակն աշխատատեղերի պահպանումն է և աշխատավարձերի անկումը կանխելը:

Պաշտոնական այս թվերն ապացուցում են, որ այդ միջոցառումներն արդյունավետ են եղել: Ուզում եմ հիշեցնել, որ վերը նշված թվերը ձևավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա, և այս թվերն ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է վարչապետը։

Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական վիճակագրությունը դեռևս չի հրապարակել։ Առնվազն դրանց մի մասը հայտնի չեն։

Խոսքը մասնավորապես աշխատատեղերի մասին է։ Վարչապետը խոսում է հուլիսի թվերից, որոնք հրապարակված չեն, ու դժվար է դատողություններ անել դրանց հետ կապված։ Հատկապես որ, Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալները շատ հաճախ չեն համընկնում պաշտոնական վիճակագրության հետ։

Ամեն դեպքում, անգամ վարչապետի թվերն են վկայում, որ համավարակից հետո աշխատատեղերը մի քանի հազարով կրճատվել են։

Մինչև համավարակը Հայաստանում գրանցված է եղել շուրջ 618 հազար 565 աշխատող։ Հուլիսի տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է 613 հազար 62 աշխատատեղի մասին:

Սա նշանակում է, որ վերջին 4 ամիսներին փակվել է ավելի քան 5,5 հազար աշխատատեղ։ Դեռ չհաշված, թե այս ընթացքում օրավարձով աշխատող քանի մարդ է զրկվել աշխատանքից։

Առանց պաշտոնական վիճակագրության էլ ակնհայտ է, որ երկրում ավելացել է գործազրկությունը։ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալները չեն, որ պետք է հակառակում համոզեն։ Ամեն մեկն էլ դա տեսնում է իր շրջապատում։ Այդ թվում՝ աշխատավարձերի առումով։ Այստեղ էլ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերը չեն համընկնում պաշտոնական վիճակագրության հետ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2020 թվականի հունիսին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 198 հազար 335 դրամ։ Այնինչ, պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է 182 հազար դրամ։ Այն դեպքում, երբ մարտին կամ մինչև համավարակը 192 հազար էր։

Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ հունիսին միջին աշխատավարձի աճը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է ընդամենը 1,5 տոկոս, այն էլ՝ բացառապես պետական պաշտոնյաների աշխատավարձի կամ պարգևավճարների հաշվին։ Մասնավորում աշխատավարձերի անկում է գրանցվել։

Հուլիսին Հայաստանում միջին աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է շուրջ 192 հազար, և ոչ թե՝ 207 հազար դրամ, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը։

Հիմա ո՞ւմ հավատալ՝ պաշտոնական վիճակագրությա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանին։ Ո՞վ և ինչո՞ւ է կեղծում թվերը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ