Արդեն շուրջ 30 տարի է, ինչ մենք ստեղծում ենք անկախ Հայաստանի Հանրապետություն․ Լիլիթ Թումանյան


Արդեն շուրջ 30 տարի է, ինչ մենք ստեղծում ենք անկախ Հայաստանի Հանրապետություն: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ-ի «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ընթացքում նշել է Թումանյանը՝ հավելելով՝ կառավարող յուրաքանչյուր ուժ կարծում է, որ անում է դա լավագույնս, իսկ իրական գնահատականը տալիս է ապագան, քանզի չկան անսխալական կառավարիչներ, և հարցերի միանշանակ պատասխաններ։


«90-ականներին փլուզվեց Խորհրդային Միությունը, հազարավոր մարդիկ զրկվեցին աշխատատեղերից, ապագայից, քանի որ մասնագիտությունները դարձան անպիտան։

Տարիներ շարունակ նրանց մեջ հասունանում էր անպետքության, չկայացվածության զգացումը, գնալով աճում էր դասակարգային ատելությունը, որն եկավ մեր կյանք ագրեսիվ կապիտալիզմի հետ մեկտեղ։


Իսկ հետո եկավ Նոր Հայաստանը, որտեղ պարզվեց, որ ամեն ինչում մեղավոր էին նախկինները։ Սա փրկօղակ էր, տարիներով խոցված ինքնասիրության սպասված փրկօղակ»,- նշել է նա և հավելել՝ ուրեմն ինչպես քննադատել ներկա իշխանություններին, ովքեր տվել են քեզ սեփական աչքերում արդարանալու կախարդական փայտիկ․ «Եվ ահա, նրանք այսուհետ անսխալական են, կատարյալ, իսկ ով այլ կերպ է մտածում՝ դավաճան է և թշնամի»։

Թումանյանի կարծիքով՝ հասարակությանը կառավարելու լավագույն տեխնոլոգիաներից է վախի մթնոլորտի ստեղծումը։ «Վախերը ժողովրդի կառավարման գործիքներից մեկն է։ Դա, իհարկե, պրիմիտիվ կառավարում է, որը բնորոշ է քաղաքակրթական ցածր աստիճանում գտնվող հանրույթներին։ Ավելի բարդ հասարակություններում ավելի նուրբ տեխնոլոգիաներ են օգտագործում։ Սակայն իշխող խումբը, որը զուրկ է կառավարման գիտելիքներից, դիմում է պարզագույն, իրենց համար ընկալելի եղանակներին»,-ընդգծել է Թումանյանը։

Նրա կարծիքով՝ մըահոգիչն այն է, որ հասարակության մի զգալի հատվածի համար նման տեխնոլոգիաներն արդյունավետ են․ «Սա արդեն իշխանության փոփոխությամբ չի ուղղվի, իսկ ժողովուրդ փոխել չի ստացվի, ունենք այն, ինչ ունենք»։

«Մենք ապրում ենք ավանդական քաղաքականության ավարտի ժամանակաշրջանում։ «Հեղափոխությունը» ծնեց իր Պոպուլիստին, ինչը բնական էր։ Առանց պոպուլիզմի՝ չի կարող լինել որևէ արմատական փոփոխություն, սակայն չծնեց իր Տնտեսագետին, Հրապարակախոսին ու Փիլիսոփային, մենք ունեցանք միայն Հայհոյող»,- ասաց Լիլիթ Թումանյանը և կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր հաջող հեղափոխություն կարող է ինչ-որ պահի շրջվել իր դեմ։

«Հեղափոխությունները սովորաբար ղեկավարում են մարդիկ, որոնք գիտեն, թե ինչպես պետք է քանդել հին կարգը, և ոչ անպայման նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է կառուցել նորը։ Եվ հեղափոխությունները սիրում են խժռել իրենց զավակներին։ Հայաստանում խժռելու գործընթացն արդեն տեսանելի է։ Հեղափոխության որոշ մասնակիցներ լքել են ղեկավար պաշտոնները։ Դժվար չէ նաև նկատել մարդկանց, որոնք խոստովանում են, որ կորցրել են խանդավառությունը։

Հեղափոխական ճամբարում կառավարման առօրյա գործերը, բնականաբար, ստվերում են թողնում հեղափոխական օրերի հույզերը։ Իսկ հեղափոխական հռետորաբանությունը լղոզվում է և գնալով ավելի ու ավելի քիչ համախմբող դառնում։ 2018-ի ապրիլյան օրերն անխուսափելիորեն խամրում են»,- նշեց Թումանյանը։