Ես չեմ լսել, որ համավարակի ժամանակ որևէ պետություն հարկային բեռ է ավելացում. աբսուրդ է այս պահին...


Ես չեմ լսել այնպիսի պետության մասին, որը համավարակի ժամանակ հարկային բեռ է ավելացում: Աբսուրդ է այս պահին նման բան անելը: Այս մասին կառավարության դիմաց հագուստ ու կոշիկ ներկրող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց մասնակիցներից մեկը:


Նա նշեց, թե գրեթե երկու ամիս փակ են եղել առևտրի կենտրոնները, իսկ այս իրավիճակում պարզապես անկարող են մի քանի անգամ ավելի մաքսային վճարում կատարել:

Անդրադառնալով տնտեսավարողների և ՊԵԿ փոխնախագահի՝ երեկ կայացած հանդիպմանը՝ ակցիայի մասնակիցները նշեցին, թե թեև մի քանի հարցի վերաբերյալ ընդհանուր հայտարարի են եկել, սակայն իրենց խնդրին ամբողջական լուծում չի տրվել, դրա համար պահանջում են մեկ տարի շարունակել աշխատել նախկին պայմաններով և ներկրվող ապրանքի 1 կգ-ի համար վճարել նախկին չափով:


Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց՝ կորոնավիրուսի պայմաններում դժվարություններն ավելացել են, խանութներ են փակվում, աշխատանքը պահելու խնդիր կա:

«Պանդեմիայից դուրս չենք եկել, վիճակը շատ ծանր է: Ժամանակ տվեք՝ շնչենք, հետո այդ հարցը քննարկեք: Թող մեկ տարի ժամանակ տան, մտնեն, ստուգեն առևտրի շուկաները, աշխուժությունը ստուգեն, հետո կանչեն փոքր ու միջին ձեռնարկատերերիս, քննարկենք, որոշեն ավելացման չափը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացրել նաև երեկ: Նրանք նշում էին, թե ապրանքների մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել: Ավելի ուշ բողոքի ակցիա իրականացնողները շարժվեցին ՊԵԿ, այնտեղից էլ՝ Արարատյան մաքսատուն:

Տնտեսվարողները հանդիպել էին ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ: Վերջինս հանդիպուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Տնտեսվարողների հետ բաժանվել ենք այն նոտայի վրա, որ իրենց բաձրացրած խնդիրը չի լուծվում, քանի որ իրենց խնդիրն այն է, որ որևէ բան չփոխվի և շարունակեն աշխատել այնպես, ինչպես աշխատել  են նախկինում»: