Դավիթ Տոնոյանը մասնակցել է պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին



Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին: Նիստի բացման խոսքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձեւաչափով հանդիպում առաջինն է եւ վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո առավել կակտիվանա, իսկ նիստի արդյունքները կնպաստեն գերատեսչությունների փոխգործակցության խորացմանը: Դավիթ Տոնոյանը հանդես է եկել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաեւ արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման վերաբերյալ համառոտ ելույթով: Նիստի շրջանակում ստորագրվել են ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում մի շարք փաստաթղթեր: ՌԴ ՊՆ մասնագետները պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին ներկայացրել են կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջինը գրանցված ռուսական պատվաստանյութի մշակման եւ փորձարկման մանրամասներ: Նիստի մասնակիցներն այցելել են նաեւ մերձմոսկովյան ՌԴ ԶՈւ գլխավոր տաճար եւ «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիր: Դավիթ Տոնոյանը «Հիշողության ճանապարհ» համալիրի ինտերակտիվ որոնման համակարգի միջոցով գտել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապի` Հովհաննես Պողոսի Հակոբովի մասին տվյալներ: «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիրը ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով: Այժմ այն ներառում է 33 միլիոն գրառում եւ լուսանկար: