Շատ գործիքներ ունենալու համար պիտի «պասերով խաղալու» հնարավորություն ունենաս շատ խաղացողների հետ.



Իմ պատկերացմամբ վաղուց արդեն ժամանակն է, որ մենք, որպես հասարակություն, դադարենք երեւույթներին վերաբերվել հախուռն էմոցիոնալ հարահրոյցների գործիքակազմով եւ սովորենք հասկանալ երեւույթների ներքո թաքնված շահերը տարբերել ու տիրապետենք մեր շահն առաջ տանելու ձեւերին՝ օգտագործելով յուրաքանաչյուր ձեռքի տակ հայտնված լավ կամ անգամ վատ թվացող իրադարձություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամենաթարմ դեպքերից մեկը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացման վերաբերյալ։ Ի՞նչ արեցինք մենք, այո, ինչպես միշտ հայտարարությունը դիտարկեցինք մեր շահերի մասին մեր պատկերացուների դաշտում, ու… հարայհրոց, աղմուկ աղաղակ, զրնգուն հրապարակային կրակոցներ… օդ։

Քչերի մտքով անցավ, որ հայտարարությունն այլ երկրի պաշտոնյայի էր ու հաստատ ուղղված էր իր երկրի շահերի առաջմղմանը։ Իսկ գուցե ուղերձի հասցեատերերը ամենեւին մենք ու մեր ոչ բարով-խերով հարեւանը չէինք, այլ լրիվ այլ խաղացողներ, գուցե աշխարհին էր ուղերձ հղում այս տարածաշրջանում իր երկրի հետ համագործակցային աշխատելու առավելության մասին եւ այլն եւ այլն։

Միգուցե ուրիշ մի բան։ Բայց կարեւոր է ոչ միայն հասկանալ որ հայտարարությունը ինչ շահի համար է ծառայում, այլեւ արագ կողմնորոշվել, թե ցանկացած փոփոխվող իրավիճակում ինչ գործիքով քո որեւէ շահ կարելի ա առաջ տանել։ Ահա սա պիտի լինի մեր մտածելիքը։ Իսկ շատ գործիքներ ունենալու համար պիտի «պասերով խաղալու» հնարավորություն ունենաս շատ խաղացողների հետ, լինես ձգող, ոչ թե վանող կենտրոն ու դառնաս միավորիչ։

Ահա թե ինչու փոքր երկրում գոնե կարեւորագույն ուղղություններով միասնականությունը անվտանգության հարց է, ոչ թե ուղղակի կենաց։ Ահա թե ինչու բաժանարարները անհեռատեսների զբաղմունք են, հատկապես երբ կողքդ անընդհատ զենք են կուտակում»: