25 հազար դոլար. Մասկը հայտարարել Է Tesla բյուջետային էլեկտրամոբիլների թողարկման մասին


Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Tesla-ն մտադիր է մատչելի գնով ինքնակառավարման համակարգով համալրված ավտոմեքենաներ արտադրել, գրում է The Verge-ը։


Նորույթի արժեքը Մասկը գնահատել է 25 հազար դոլար։


«Մենք վստահ ենք, որ երեք տարի անց կկարողանանք ստեղծել 25 հազար դոլար արժողությամբ գրավիչ ավտոմեքենա, որը նաև լիովին ինքնակառավարվող կլինի»,- հայտարարել է Մասկը։


Նոր ավտոմեքենան գրեթե 13 հազար դոլարով ավելի էժան կլինի Tesla-ի այժմյան բյուջետային էլեկտրամոբիլից՝ 37 990 դոլար արժողությամբ Model 3 սեդանից։


Tesla ընկերությունը հիմնադրվել է 2003թ.-ին։ Սկզբում այն կոչվում էր Tesla Motors, բայց հետագայում վերանվանվել է Tesla։ Սկզբում ընկերությունը մասնագիտացել է միայն էլեկտրամոբիլների արտադրության մեջ, սակայն ավելի ուշ սկսել է զբաղվել նաև արևային մարտկոցների ստեղծմամբ: