Միայն տուն կառուցելով մարդուն չես ստիպի լավ ապրել, պետք է առաջնահերթ լուծել աշխատանքի խնդիրը....


«Միայն տուն կառուցելով մարդուն չես ստիպի լավ ապրել, պետք է առաջնահերթ լուծել մեր բնակիչների աշխատանքի խնդիրը, ինչին մենք հստակ քայլերով գնում ենք»,- ասել է  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Ուդո Վագների հետ հանդիպմանը։ Կողմերը քննարկել են մարզի դիմակայնությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի կայքից։ 

Մարզպետն նշել է՝ մշակվում է ռազմավարություն, որը նպատակ ունի ամրապնդել համայնքային կյանքը, անհատ-համայնք կապը, ինչը նաև նոր հետաքրքրություն և մոտիվացիա կտա ապրելու ու արարելու տվյալ համայնքում։ «Դիմակայուն համայնք ունենալու համար պետք է ստեղծել մարդկանց կյանքի համար բարենպաստ պայմաններ, որն իր մեջ ներառում է որակյալ կրթություն, ենթակառուցվածքների ստեղծում, աշխատանքի և ձեռներեցության հնարավորություն։ Մենք պետք է թիրախավորված ընդգրկենք սահմանամերձ գյուղեը և շեշտը դնենք քաղաքացիական պաշտպանության վրա»,- ասել է Հայկ Չոբանյան:

Քննարկվել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են բիզնես ներդրումներին, բիզնես առաջարկներին և շեշտվել է, որ նման գաղափարները հիմք են հանդիսանում այդ ռազմավարության համար: Համագործակցության շրջանակում պլանավորվել է մոտ ապագայում նորից համդիպում իրականացնել՝ ավելի առարկայական և նպատակային քննարկման համար։