ԷՍ Ո՞ՒՄ ԱԽՊՈՐ ԽՈՍԱՓՈՂՆ ԵՆ ԱՆՋԱՏԵ՛Լ…Hraparak.am


Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն անձնական լուրջ խնդրի է բախվել: Արգելափակվել է 1in.am կայքի՝ իր վկայությամբ, 200 հազար բաժանորդ ունեցող յութուբյան ալիքը: Ինչպիսի՛ կորուստ հայ ժողովրդի եւ անձամբ Սաֆարյանի համար: Չէ՞ որ դա հենց այն ալիքն էր, որով ՀՀ հանրային խորհրդի նախագահը խոսում էր մեր հասարակությանն անչափ հուզող հարցերից, բազմաթիվ գաղափարակից բարեկամներ ուներ այնտեղ, որոնք միշտ պատրաստ էին իրենց «եթերի» դատարկությունը լցնել Հանրային խորհրդի, ավելի ճիշտ՝ իր՝ Ստյոպա Սաֆարյանի դատարկությամբ: Կարելի էր թերեւս լրջորեն մտահոգվել այս «իրադարձությամբ», եթե այս պատմության մեջ առաջին պլանում չհայտնվեր Ստյոպա Սաֆարյանի կոմիկական կերպարը: Ուրեմն, սա քնից արթնացել է, իմացել, որ ժամեր առաջ արգելափակվել է 1in.am լրատվական կայքի յութուբյան ալիքն ու առանց այդ մասին ՀԽ-ին տեղեկացնելու, սեփական նախաձեռնությամբ պետական կայքում աղմուկ բարձրացրել, թե՝ հարայ, հասեք, նախկիններն ու նրանց սատելիտները գրոհել են 200 հազար հպարտ քաղաքացիների՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու սահմանադրական իրավունքը: Բայց մի՞թե ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը սահմանադրական իրավունք ուներ ՀԽ-ի պաշտոնական կայքում սեփական նախաձեռնությամբ մասնավոր հայտարարություն տեղադրելու՝ առանց ՀԽ-ի հետ հարցը քննարկելու: Այսուհանդերձ, եթե այդ կոմիկը հաշված ժամերում, այնուամենայնիվ, հարցը քննարկել է ՀԽ-ում, եւ ՀԽ հարգարժան անդամները հավանություն են տվել հայտարարության այդ տեքստին, ոճին եւ իրենց նախագահի անձնական շահագրգռվածությանը, ես խնդիր չունեմ, պատրաստ եմ նույնիսկ ներողություն խնդրել ՀՀ վարչապետին կից այդ պատկառելի կառույցից: Իսկ ինչո՞ւ եմ կարծում, որ Սաֆարյանն անձնական շահով է առաջնորդվել այս աղմկահարույց «իրադարձությունն» աշխարհին ծանուցելիս: Բանն այն է, որ 1in.am կայքի, հետեւաբար նաեւ այդ կայքի յութուբյան ալիքի ղեկավարը Սաֆարյանի «քիփ» ընկերն է՝ Արման Բաբաջանյանը: Լիներ դա այլ լրատվակայքի յութուբյան ալիքը, լիներ այլ հեռուստատեսություն կամ այլ թերթ, որոնք ճշմարտությունն են գրում Ստյոպա Սաֆարյանի եւ Արման Բաբաջանյանի մասին, Սաֆարյանն օրենքի կոպիտ ոտնահարումով եւ իր պաշտոնեական դիրքի ակնհայտ չարաշահումով այսպիսի աղմուկ չէր բարձրացնի: Ավելին՝ կարհամարհեր, իսկ լավագույն դեպքում՝ հարցը կտեղափոխեր Հանրային խորհուրդ, կառաջարկեր հանձնաժողով ստեղծել, ուսումնասիրել խնդիրը եւ այլն: Բայց Արմանի համար, ինչպես տեսնում ենք, նա պատրաստ է ամեն ինչի, ընդհուպ կեղծ մատնությամբ իրավապահ մարմիններին դիմելու եւ պահանջելու, որ մեղավորներին փնտրեն նախկինների ու նրանց նորընծա սատելիտների մեջ: Հավանաբար հիշում եք, թե ինչպես իր օֆիսում, որտեղ պետք է տեղի ունենար տխրահռչակ Արման Բաբաջանյանի մամուլի ասուլիսը, Սաֆարյանը ոտնահարեց միլիոնավոր քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ մի շարք լրատվամիջոցների, այդ թվում եւ հեռուստատեսություններին թույլ չտվեց լուսաբանել իր ու Բաբաջանյանի ասուլիս-խայտառակությունը: Այն ժամանակ նա պարոն Սաֆարյան չէր, այլ՝ Սծյոպիկ, եւ դա էր պատճառը, որ նրա այդ «դրսեւորումը» չարժանացավ իրավապահ մարմինների ուշադրությանը: Բայց իզուր… Մեր իրավապահները կոպիտ վրիպում թույլ տվեցին, որովհետեւ ոչ միայն Սծյոպիկի այդ օրվա «լրբություններին» ուշադրություն չդարձրին, այլեւ ասուլիսի թեմային ու նպատակներին: Ի դեպ, ի՞նչ տեղի ունեցավ ասուլիսից հետո, պարոն Սաֆարյան, հոկտեմբերի 27-ը բացահայտեցի՞ք: Արման Բաբաջանյանը, տո լի Նաիրի Հունանյանին էր տեսել, տո լի Նաիրիի նկարն էին նրան ցույց տվել, հայտարարել էր, որ նորություններ ունի այդ գործով: Արմանը քեզ պատմած կլինի, Սծյոպիկ, ինչո՞ւ դու էլ մեզ չես պատմում այդ ամենը, չէ՞ որ մեր սահմանադրական իրավունքն է տեղեկություններ ստանալը: Բայց թեմայից չշեղվենք: Սաֆարյան Սծյոպիկը լավ գիտի, որ իր «քիփ» ընկեր, այս դեպքում՝ հընգեր Արման Բաբաջանյանը, լինելով օտարերկրյա գործակալ, վաղուց է գտնվում ՀՀ ԱԱԾ ուշադրության կենտրոնում: Ինքն էլ պակասը չէ: Երբ Բաբաջանյան Արմանը բանտում էր, տակավին 2008-ին, Սծյոպիկն արդեն խաղում էր հայ-ամերիկյան տրանսկոնտինենտալ լարերի վրա եւ ԱՄՆ դեսպանին հրեշավոր պատմություններ հրամցնում ՀՀ իշխանությունների կատարած «անգութ գազանությունների» մասին: Վիքիլիքսը չի ներում ոչ ոքի, չեն ներում նաեւ ազգային խայտառակություններին ուղղորդող ուժերն ու փողատերերը: Ազգային խայտառակություններին օգտագործելուց հետո գցում են փողոց, ինչպես Արման Բաբաջանյանի եւ Սծյոպիկ Սաֆարյանի պարագայում է տեղի ունենում: Միամիտներին կարող է թվալ, որ Արմանն ու Սծյոպիկն ուզում են փողի նոր խմբաքանակ «կպցնել» Սորոսից: Թե բա մեզ ճնշում են Հայաստանում, փակում են մեր յութուբյան ալիքը… Բայց, ցավոք, թիրախն այս դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն է, որի գզրոցներում, ինչպես ասացի, խնամքով պահված են Սաֆարյան Սծյոպիկի, Արման Բաբաջանյանի եւ սորոսական մյուս թափթփուկների գործերը: Ուշադրություն դարձրեք Բաբաջանյանի այս ձեւակերպումին, որն իր հայտարարության մեջ տեղադրել է նաեւ Սաֆարյանը. «…հեռուստատեսային հարթակի գործունեությունը հիմնավորապես կասեցնելու եւ նրա ձայնը լռեցնելու համար կատարվել է թիրախավորված խմբակային հարձակում, որն իրականացվել է լրատվամիջոցի բովանդակության մեծ մասի հետ անհամաձայն Հայաստանի նախկին իշխանավորների եւ նրանց նորընծա սատելիտների ֆեյքային ֆաբրիկաների կողմից»: Հավին էլ հասկանալի է, որ լրատվակայքի յութուբյան ալիքն այսքան վարպետորեն կասեցնել կարող էր ինքը՝ Յութուբը, ԱԱԾ-ն կամ երկրի տեղեկատվական անվտանգության հետ առնչվող որեւէ այլ հատուկ կառույց: Հետեւաբար, Սաֆարյանն ու Բաբաջանյանը նկատի ունեն ԱԱԾ-ն կամ պետական այլ կառույցներ, իսկ «նախկինների նորընծա սատելիտ» ասելով էլ՝ Արթուր Վանեցյանին, որը, ի դեպ, դեռ ԱԱԾ տնօրենի պաշտոնում էր խոսել Բաբաջանյանի ու նրա նմանների վտանգավորության մասին:       Հուրախություն մեր հայրենակիցների՝ ուզում եմ ասել, որ շուտով իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն անհաջող նախարարները, այլեւ Սաֆարյան Սծյոպիկի նման ծպտյալ երեւույթները: Դա նշանակում է, որ Հայաստանում իրավիճակ է փոխվում: Այնպես որ, 1in.am-ի յութուբյան ալիքի հետ տեղի ունեցածը բացարձակապես կապ չունի խոսքի ազատության կամ տեղեկատվության սահմանափակման հետ: Ժամանակն է հասկանալու, թե ովքեր են այսօր տեղեկատվական հոսքեր կազմակերպողներն ու ինչու են հատկապես պետությանը վնասող տեղեկատվություն տարածում: Սաֆարյան Սծյոպիկի հայտարարությունը վկա՝ ինչո՞ւ է պետական կառույցը գործ տալիս մեկ այլ պետական կառույցի դեմ, եթե արդեն գիտի, թե ինչու եւ ով է փակել կասկածելի յութուբյան ալիքը: Ես այսօր չեմ ասում՝ «Սծյոպիկ, հեռացիր», որովհետեւ դա շատ ծիծաղելի կլինի, գրեթե նույնքան ծիծաղելի, որքան վարչապետի՝ Սծյոպիկին ՀԽ նախագահի աթոռին դնելու որոշումը: Էդիկ Անդրեասյան