Քրիստոնեությունը կրո՞ն, թե՞ քաղաքակրթություն. նորօրյա «հեղափոխականների» նեոհեթանոսությունը. մաս I



Հնդկական ծագում ունեցող կրոններում՝ Հինդուիզմում, Բուդդիզմում, Ջայնիզմում և Սիկխիզմում գլխավոր հասկացություններից մեկը Սանսարան է՝ պատմության անիվը, կամ ռեինկարնացիաների՝ հոգիների ծննդի ու մահվան շրջապտույտը, այսինքն պարբերաբար տեղի են ունենում նախկին երևույթների կրկնությունները, սակայն որոշակի փոփոխություններով:


Ըստ Հինդուիզմի՝ ապագան կանխորոշված է անցյալով։ Ապագան կառուցելու համար անհրաժեշտ է հասկանալ անցյալը, անցյալի տրամաբանությունը: Դա վերաբերում է նաև քաղաքականությանն և քաղաքակրթությունների «շրջապտույտին»։


Հայերը, եթե անկեղծ խոսենք, չունեն Աստվածաբանություն: Առանց Աստվածաբանության հնարավոր չէ ունենալ խորքային մշակույթ ու գրականություն, փիլիսոփայություն ու որքան էլ առաջին հայացքից տարօրինակ չհնչի՝ քաղաքական ու իրավաբանական միտք, որովհետև քաղաքական միտքը կյանքի ու ազգային առաքելության խորքային իմաստավորման արդյունքում է առաջանում, իսկ իրավունքը պետք է հենվի այդ ամենի վրա:


Դրա հետևանքով մենք անգամ չենք կարողանալու գնահատել ու իմաստավորել մեր անցյալն ու ներկան, նաև կառուցել ապագան։ Այսինքն չունենք քաղաքական պատմություն։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ի՞նչ էին ցանկանում նախկինները՝ «սևերը» և ի՞նչ են մեզանից ուզում ներկաները՝ «սպիտակները»: Ցանկացած քաղաքական գործընթացի հիմքում պետք է դրվի աշխարհայացքային հայեցակարգ, առանց որի ունենում ենք այն, ինչն ունենք այս վերջին 30 տարում, եթե ոչ վերջին հարյուրամյակներում։


Աստվածների մահը


XIX դարի վերջում Ֆրիդրիխ Նիցշեն գուժեց Աստվածների մահը։ Դա Վերածննդի, Ռեֆորմացիայի ու Լուսավորականության դարաշրջանների տրամաբանական արդյունքն էր։ Ետկրոնական ժամանակաշրջանում կենտրոնում հայտնվեց մարդը, այլ ոչ թե մարդու հոգին, որին պետք է փրկել ու պատրաստել հավիտենական կյանքին։ Նիցշեն նույնպես տարված էր արևելյան փիլիսոփայությամբ ու նույնպես մտածում էր Սանսարայի անիվի պտույտներից փրկվելու մասին։ Սակայն, եթե բուդդիստները դրա ճանապարհը տեսնում էին «այս աշխարհի» պայմանականություններից ազատվելու միջոցով, Նիցշեն հակառակը՝ ցանկանում էր զգալ բնությունը, ապրել նրա օրենքներով հենց «այս աշխարհում» ու դուրս պրծնել քրիստոնեական բարոյականության ճիրաններից։ Գերմարդն, ըստ Նիցշեի, «թույլերի» համար ստեղծված քրիստոնեական բարոյականության ազդեցությունից ազատագրվածն է, ով ձգտում է տիրել ու լիարժեք ապրել բնության օրենքներին ներդաշնակ, այլ ոչ թե ապրել ճնշելով բնական բնազդները՝ հանուն ինչ-որ «ետերկրային աշխարհի», որը մեզ մահվանից հետո խոստանում է Հիսուսը։


Նիցշեն առաջին հերթին քրիստոնեական բարոյականությանն էր դեմ, իսկ ցանկացած կրոնի հիմքը բարոյա-էթիկական նորմերն են, իսկ ուսմունքի «տանիքը»՝ բնազդային կրքերը զսպելու համար «պարգևատրման» առաջարկը։ Նույնը մյուս կրոնական ուսմունքներում է։ Օրինակ, ըստ քրիստոնեության, դուք զսպում եք ձեր բնազդները՝ կատարելով պատվիրանները, որպեսզի «մյուս կյանքում» առժանանաք փրկության, ինչի համար Հիսուսն իրեն զոհաբերել է, իսլամում՝ հանուն 70 կույսերի հետ հավերժական կյանքի, բուդդիզմում՝ նոր կյանքների մղձավանջից ազատագրվելու համար և այլն։


Այսօրվա լիբերալիզմը, նեոմարքսիզմը, ֆեմինիզմը և մյուս տարածված «իզմերն» առաջին հերթին դեմ են ավանդույթներին՝ պատրիարքայությանը, ավանդական ընտանիքին և այդ պատկերացումների վրա հիմնված կրոնական ինստիտուտներին, որովհետև նրանք են «բնական բնազդների» զսպման, այսինքն՝ իրական ազատության դեմ պայքարող բարոյանորմատիվային գաղափարախոսությունների կրողները։ Նիցշեի նման նրանք առաջարկում են ապրել «հիմա», այս նյութական աշխարհում և ի տարբերություն ավանդական արժեհամակարգի՝ «երջանկության» հիմքում «նոր» մոդելներ են դնում։


Պատահական չէր, որ Նիցշեն ասում էր՝ հրիր ընկնողին․ դա մեր միջի բարոյաէթիկական նորմերը «հրելու»՝ ջարդելու համար էր ասված։ Սակայն Նիցշեի և ժամանակակից լիբերալ ու ձախական տեսությունների հիմքերը տարբեր են, դրանք ըստ էության նեոհեթանոսության մասին տարբեր պատկերացումների են դավանում։ Ինչո՞ւ հեթանոսության՝ դրա մասին ավելի ուշ կխոսենք։


Այսօր Միացյալ Նահանգներում, եթե արմատապես նայենք կատարվողին, քրիստոնեության ու հեթանոսության միջև պայքար է ընթանում, որը ճեղքել է երկիրը։ Ճեղքված է նաև աշխարհը։


Սակայն այս հոդվածաշարի նպատակը այդ պայքարը քննարկելը չէ կամ պարզելը, թե ո՞վ է «ճիշտ», ո՞վ է «սխալ»։ Մեզ հետաքրքրում են քաղաքակրթական պրոցեսները, ինչն իշխանությունների լեգիտիմության հիմքն է։ Օրինակ, Միացյալ Նահանգների համար ամենավտանգավորը ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճեղքվածքն է, որի վրա կառուցվում են քաղաքական հոսանքները։ Եթե առաջ քաղաքական պայքարը չէր վերածվում քաղաքակրթական պայքարի, ապա այսօր նման վտանգ կա։ Դա ամենավատագույնն է, որը կարող է կատարվել մեծ երկրների կյանքում։


Հայաստանում նույնպես նման գործընթացներ են ընթանում, սակայն ի տարբերություն Արևմուտքի՝ մեզ մոտ դա ենթագիտակցական շերտում է ընթանում, «Նոր Հայաստանը» և «Հին Հայաստանը» իրենց քաղաքակրթական ու փիլիսոփայական ձևակերպումները չունեն, և այդ պատճառով մեզ մոտ իրական կուսակցություններ ու իրական քաղաքական ինստիտուտներ չեն կայանում։ Առկախված է նաև լեգիտիմության հարցը, որովհետև լեգիտիմության հիմքը կարող են լինել գաղափարները, այլ ոչ թե քվեարթերթիկների քանակը։


Հաջորդ մասերում կքննարկենք իշխանության լեգիտիմության պատմական հիմքերը, կայսրությունների ու համաշխարհային կարգերի քաղաքակրթական ստեղծման անհրաժեշտ պայմանները, որպեսզի հասկանանք այսօրվա գործընթացների խորքային իմաստը։


Շարունակելի․․․


Ստեփան Դանիելյան


Politeconomy.org