Սոված Հայաստանում իշխանությունը 200 մլն դրամ է ծախսելու «Մեր ժամանակի հերոս» մրցանակաբաշխության...


Ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում է կորոնավիրուսյան երկրորդ ալիքի տարածմանը եւ տնտեսական այն խորը ճգնաժամին, որին կարող է հանգեցնել այն։ Բոլոր հանրային միջոցառումները հնարավորինս չեղարկում են եւ ողջ միջոցներն ուղղում են ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելուն, դեղերի, պատվաստանյութերի, նոր սարքավորումների ձեռքբերմանը եւ այլն։ Սա իհարկե ամբողջ աշխարհում. Հայաստանում ամեն բան մի փոքր այլ է։ Հայաստանի պատկան մարմինները պատրաստվում են սեպտեմբերի 21-ին մեծ շուքով տոնել ՀՀ անկախության օրը։ Միջոցառման շրջանակում ինչպես նախորդ տարի, այս տարի եւս նախատեսվում է անցկացնել ձեւական բնույթ կրող, անհասկանալի արժեք ներկայացնող «Մեր ժամանակի հերոս»-ը մրցանակաբաշխությունը, որի բյուջեն այս տարի աննախադեպ չափի է։

Միջոցառման կազմակերպման ամբողջ պրոցեսը ղեկավարում է Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն, գլխավոր «ֆեյքաբույծ» Հովհաննես Մովսիսյանը։ Մարդ, ով ի պաշտոնե պետք է տեղյակ լիներ հասարակական իրական տրամադրությունների եւ իշխանությունների նկատմամբ խորագույն հիասթափության մասին, որն առկա է։ Բայց ինչպես երեւում է, գործ անելու փոխարեն դեռ զանգ կախելն է ողջունվում։ Հարկ ենք համարում նաեւ տեղեկացնել, որ տոնական անելիքները միայն մրցանակաբաշխությամբ չեն սահմանափակվելու։

Օրվա շրջանակում եւ տրամաբանությանը համապատասխան նկարահանվելու են նաեւ մի շարք վիդեո նյութեր, հոլովակներ. ընդհանուր առմամբ, օրվա բյուջեն գերազանցելու է 200.000.000 ՀՀ դրամը։

Ի դեպ, այս ամենն իհարկե առանց հայտարարված տենդերի։ Հավելենք նաեւ, որ օրվա «տոնական» տրամադրությունը կամբողջացնի Զվարթնոցում տրվելիք ճաշկերույթը, որն ի դեպ մեր ունեցած տեղեկություններով նախատեսված է ավելի քան 300 հրավիրյալի համար։ Հիշեցնենք, որ երկրում թույլատրելի են առավելագույնը 60 հոգու մասնակությամբ միջոցառումները։