Փրկել Երևանը ինքնասիրահարված սոցիոպատից



Երևանը տարբեր քաղաքապետեր է տեսել՝ լավ ու վատ, նվիրյալ ու ագահ, ստեղծող ու մսխող... Բայց առաջին անգամ է հայտնվել մեկի ձեռքերում, որը չգիտի ինչ անել, ում հետ անել և ինչպես անել, բայց ինքն իրեն ծափ է տալիս ու պտտվում: Չգիտի, որովհետև Երևանն ավելի լավը դարձնելու համար չի եկել, իր քաղաքական թիմի դիրքերն ամրացնելու համար չի եկել, այլ՝ հերթական ֆիլմը նկարահանելու, որտեղ գլխավոր հերոսն է, իսկ դերերում՝ իր նեղ ընկերական շրջապատը: Կնկարահանի ու կավելացնի իր մասնակցությամբ ֆիլմերի ցանկին: Ոչ ավելին:

Հայկ Մարությանը ձախողվել է: Ձախողվել է բոլոր ուղղություններով՝ քաղաքային տնտեսությունից մինչև իր քաղաքական թիմին պիտանի լինելը: Ձախողվել է, որովհետև չի կարողացել քաղաքի համար որևէ հարց լուծել, չի կարողացել մինչ այսօր նույնիսկ կուռ և արդյունավետ աշխատանքային թիմ կառուցել թե գործադիրում, թե իր իսկ քաղաքական թիկունքը համարվող ավագանիում:

Քաղաքային այն խնդիրները, որոնք, ինչպես ինքն է թմբկահարում, հաջողվեց լուծել, իր շնորհիվ չեն լուծվել: Դիցուք աղբահանության հարցը, որը Մարությանը մեդալ է դարձրել և փակցրել դոշին: Երևանը մինչ օրս լուծած չէր լինի այդ խնդիրը, եթե առանձին գործարարներ չներմուծեին անհրաժեշտ տեխնիկան: Մեկ այլ հարց է, թե ինչո՞ւ նրանք դա արեցին, ի՞նչի դիմաց կամ ինչի՞ց վախենալով, բայց դա այդպես էլ չենք իմանա այս իշխանության օրոք, քանի որ համապատասխան հանձնաժողովի ձևավորումն ու ուսումնասիրությունները արգելափակվեցին:

Քաղաքապետը գլուխ է գովում, թե կանաչապատման նոր համակարգ է ներդրել: Սակայն չորացած ծառերը շարունակում են ընկնել, վնասելով մարդկանց գույքն ու վտանգելով մարդկային կյանքեր, իսկ Երևանում շարունակում են չորանալ տարածքներ, անխնամ մնալ բակերի ծառերը:

Վերելակների փոխարինման հարցում, ինչպես տեսնում ենք, նույնպես չի ունեցել հստակ մշակված ծրագիր: Այլապես չէր լինի այսօրվա պատկերը. հները հանում են, նորերի տեղադրումը ձգձգվում է, մարդիկ էլ ոտքով են բարձրանում՝ նաև պատկերացում չունենալով, թե ոնց և որքան են վճարելու քաղաքապետարանի տեղադրած վերելակի համար:

Մարությանի պաշտոնակալման օրից կանգ է առել նաև սոցիալական օգնությունը, որը պարբերական բնույթ էր կրում: Ասում են՝ նոր համակարգ են մշակել, բայց մինչ այդ համակարգն աշխատի խոցելի խմբերի հոգսերը քաղաքապետարանին չեն հուզում: Եվ դեռ մեծ հարց է, թե որքանով այդ համակարգը արդյունավետ կլինի:

Քանդել ստացվում է, տեղը մի բան կառուցել չեն կարողանում:

Արդեն համոզվեցինք, որ տրանսպորտի հարցն էլ ի վիճակի չէ լուծել մեր Обещалкин-ը (եթե հիշում եք մուլտֆիլմի այդ հերոսին): Կրկին գեղեցիկ կադրեր ցույց տվեց, թե ոնց է բանակցում ավտոբուս արտադրող առաջատար ընկերությունների հետ, բայց ... մտավ ախոռն ու Գազելի ճակատը պաչեց: Բոլորս էլ հասկանում ենք, որ հարյուր միկրոավտոբուս անցած տարի էլ կարող էին բերել: Ինչո՞ւ կորցրեց այսքան ժամանակ և, երևանցիների աչքերին թոզ փչելով, բերեց քաղաքը հասցրեց տրանսպորտային ճգնաժամի, երբ գործող երթուղայինների պիտանելիության ժամկետն ավարտվել է:

Քաղաքաշինության ոլորտում մեկ այլ բոլոլա է և մեծ բազար: Մաշտոցի պուրակ, Ֆիրդուս, քաղաքի տարբեր հատվածներում հսկա շենքերի կառուցման թույլտվություններ, որոնց դեմ պարբերաբար ընդվզում են մոտակա շենքերի բնակիչները:

Պատասխանատվության զգացում ունեցող մարդը կհասկանար, որ իր մոտ չի ստացվում քաղաքը կառավարել և կհեռանար: Բանալի բառը՝ պատասխանատու: Իսկ Հայկ Մարությանն իրեն դրսևորում է որպես պատասխանատվությունն անընդհատ այլոց վրա գցող կամ «Рафик не в чем не виноват» գործելաոճ որդեգրած մեկը: Իր ձախողումներում նա մեղադրում է բոլորին՝ Ազգային ժողովին, կառավարությանը, նույնիսկ իր աշխատակազմին, որը, պարզվում է, մրցույթի առաջադրանք չի կարող գրել, անպիտան է, բայց շարունակում է համայնքից աշխատավարձ ու պարգևավճար ստանալ:

Այս՝ այլոց մեղավոր դարձնելու գործելաոճում Մարությանը նույնիսկ թեթև անհարմարություն չի զգում սեփական քաղաքական թիմին հարվածելիս: Կառավարությունն էլ, Ազգային ժողովն էլ իր կուսակիցներ են: Տպավորություն է, որ նա մեկուսացել է բոլորից, չի կարողանում հարցեր լուծել իր թիմակիցների օգնությամբ և «պռոշ է անում» նեղացած երեխայի պես ասուլիսներում՝ մատնացույց անելով կառավարությանն ու Ազգային ժողովին:

Ո՞վ պետք է կառուցեր իր հարաբերությունները իր թիմի հետ: Երևանցինե՞րը, թե՞ հենց ինքը, որ սոցիոպատի տպավորություն է ստեղծում, որը չի ցանկանում կամ չի կարողանում ճիշտ հաղորդակցական հարաբերություններ կառուցել:

Իր իսկ քիմքին համաձայն, իր իսկ ձեռքով ձևավորած քաղաքապետարանի իր աշխատանքային թիմն էլ կարո՞ղ է գնումների օրենքի կամ կառավարության որևէ որոշման պատճառով է ձախողված, ինչի ապացույցն է կարճ ժամանակահատվածում վարչական շրջանների՝ իր իսկ նշանակած ղեկավարներին փոխելը, քաղաքապետի տեղակալի հրաժարականը, ՀՈԱԿներում տեղի ունեցած աղմկալի կադրային փոփոխությունները, որոնք, ըստ մամուլում հրապարակումների, քաղաքապետի տիկնոջ միջամտությամբ են կատարվել:

Դե իսկ քաղաքապետարանում իր քաղաքական թիմը համարվող՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ քաղաքապետի լարված հարաբերությունների մասին խոսակցությունները այնքանով անպտուղ չեն, որ անզեն աչքով երևում է նրանց միջև առկա անջրպետը: Ավագանու խմբակցությունը գրեթե երբեք չի շտապում սատարել քաղաքապետին, երբ նա քննադատության թիրախում է, հակառակը՝ տարբեր հարցերով հենց «Իմ քայլի» անդամներն են ըմբոստանում գործադիրի որոշման դեմ, բաց տեքստով անհամաձայնություն հայտնում, որ փրկեն սեփական դեմքը: Բայց երկար չի հաջողվի դեմքը փրկել նման կերպով: Պատասխանատվությունը հավասարապես են կիսելու իրենց քաղաքապետի հետ: Չի բացառվում, որ խմբակցությունը երկար կյանք չունենա:

Երևանը գերի է ընկել Հայկ Մարությանի ձեռքը: Գերի, որի չեն կերակրում, ջուր չեն տալիս, բայց դիմափոշով ծածկում են կապտուկները, որ հերթական անգամ նկարահանած հոլովակով ցույց տան, թե գերուն չեն խոշտանգել, նրա մոտ ամեն ինչ կարգին է:

Աղբյուր` Փաստինֆո