ՍՄԲԱՏ ԴԱՂԲԱՇՅԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ


Արյունաբանական կենտրոնի նախկին ղեկավար Սմբատ Դաղբաշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը երեկ հաղորդում էր տարածել այն մասին, որ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը  զբաղեցնելով նշված պաշտոնը,  օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների  նկատմամբ  ունենալով  կառավարման  լիազորություն,  2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի   հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության  լաբորատորիայի,  սեռոլոգիական  և  մանկական բաժանմունքների  աշխատակիցների  հասանելիք  հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝  26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը»։


Սմբատ Դաղբաշյանն ասաց, որ մեղադրանքն առաջադրվել է հաղորդագրությունը տարածելուց մեկ օր առաջ։

«Պատկերացրեք, որ սա մի 10 տարվա պատմություն է, որ բաժանում ես ամբողջ ամիսներին, ամիսը ինչ-որ 100 հազար դրամ է գալիս, տենց ինչ-որ բաներ գումարել են, շատ անհասկանալի բաներ են ստացել, չեմ իմանում»,-այսքան մեկնաբանությունով սահմանափակվեց Դաղբաշյանը։

Նա ենթադրում է, որ քրեական գործի հիմքում իր նախկին աշխատակիցներից ոմանց վկայություններն են։ Համենայնդեպս, երբ նախարար Թորոսյանը նրան ազատեց Արյունաբանականից, այն ժամանակ էլ կոլեկտիվից մոտ 200 մարդ նամակ գրեց ու հայտարարեց, որ պատրաստ է դուրս գալու։

Դաղբաշյանը ներողոթյուն խնդրեց երեկ մեր հարցերին չպատասխանալու համար։ Ասաց, որ երեկ նախ «շոկի» մեջ է եղել, հետո երկար իրավաբանի հետ այդ հարցերն են քննարկել։