«Անգամ տարեցները զենք կվերցնեն պաշտպանելու համար Արցախը». Սեբու Սիմոնյանը ԼՂ-ում իրավիճակի մասին...


Ամերիկահայ երգիչ Սեբու Սիմոնյանն ինստագրամյան էջում հրապարակում է կատարել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ռազմական իրավիճակին և ընտանիքով Ստեփանակերտ կատարած այցից որոշ լուսանկարներ հրապարակել: 


«Մենք մեր սարերն ենք. սա է հայտնի Արցախ աշխարհի անունը, «Պապիկի և տատիկի» հսկայական արձանը: Անգամ տարեցները զենք կվերցնեն պաշտպանելու համար Արցախը, որը անկախ երկիր չէ, բայց հնագույն Հայաստանի ինքնավար մարզ է: Շատ անգամներ եմ այս դրախտավայր այցելելու հնարավորություն ունեցել: Աղոթում եմ Հայաստանում և Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ քաջաբար ժպտացող ու պարող մեր եղբայրների ու քույրերի համար»: 


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:


Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։


«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։


Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։


Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։