Մեր դիվանագիտական աշխատանքի շնորհիվ աշխարհը պետք է հասկանա՝ Արցախի ճանաչումը կդառնա տարածաշրջանի...


Tert.m-ը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ զրուցել է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման նպատակահարմարության, Մինսկի խմբի երկրների կողմից ճանաչման հնարավորության, Արցախում հրադադարի հասնելու և այլ հարցերի շուրջ։ Պատգամավորը կարծում է, որ Հայկական կողմն աշխատանք ունի տանելու երկու ուղղությամբ՝ դա մեր ԶՈւ-երի հաջողությունն է առաջնագծում, որն այսօր ապահովվում է, մյուսը դիվանագիտական աշխատանքն է, որի շնորհիվ աշխարհը պետք է հասկանա, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը կդառնա տարածաշրջանի փրկությունը և առհասարակ մեծ ազդեցություն կունենա կանգնեցնելու թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումները և քաղաքական աղետը, որը կախված է աշխարհի վրա:


- Տիկին Սամսոնյան, վերջին շրջանում ակտիվորեն խոսվում է ՀՀ կողմից Արցախի ճանաչման մասին, որքանո՞վ է դա հիմա նպատակահարմար, ի՞նչ հետևանքներ կարող են լինել:

- Արցախի անկախության ճանաչման հարցը պատերազմական գործողությունները սկսելու հաջորդ օրը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է բարձրացրել, այն առումով, որ եթե դադարել են բանակցությունները, և Ադրբեջանը որոշել է հարցը լուծել ռազմական ճանապարհով, անհրաժեշտ է, որ այս քննարկումները լինեն: Սակայն միևնույն ժամանակ գտնում ենք, որ Արցախի անկախության ճանաչման հարցը Հայաստանի կողմից որևէ էական դրական արդյունք չի ունենա այս զարգացումների ֆոնին, եթե անկախությունը չի ճանաչելու Մինսկի խմբի ևս մեկ երկիր կամ համանախագահող երկիր:


- Որքանո՞վ է հավանական, որ Մինսկի անդամ երկրներից կամ հենց համանախագահող երակներից ճանաչող կլինի:

- Սա պահանջում է դիվանագիտական մեծ և բարդ աշխատանք բոլոր գործընկեր երկրների հետ, հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ: Մենք այսօր մեկ կոչ ունենք այդ երկրներին՝ Արցախի անկախության ճանաչման հարցը միակ փրկության միջոցն է, որ մենք խուսափենք հումանիտար աղետից և այն իրավիճակից, որը գոյություն ունի տարածաշրջանոմ: Այսօր ակնհայտ է, որ տարածաշրջանը գտնվում է շատ վտանգավոր իրադրությունում, քանի որ այստեղ արդեն անվտանգությունն ու խաղաղությունը խախտել է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան, որն ունի ծավալապաշտական նկրտումներ և ամբողջ ներուժով օգնում է Ադրբեջանին: Թուրքիայի միջամտությունը ապակառուցողական ազդեցություն է ունենում տարածաշրջանի վրա: Բացի այդ, կա փաստ, որ Թուրքիայի ջանքերով և օգնությամբ մեծ քանակությամբ վարձկան զինյալ ահաբեկիչներ են տեղափոխվել մեր տարածաշրջան, ինչը նշանակում է ուղղակիորեն ընդլայնել ահաբեկիչների աշխարհագրությունը: Այսուհետ այդ ահաբեկչական վտանգն աշխարհն արձանագրելու է ոչ միայն Մերձավոր Արևելքում․ ահաբեկիչների գործողությունների հետևանքով ոչ միայն տուժելու են Մերձավոր Արևելքի ազգային փոքրամասնությունները, գիտենք՝ ինչ է կատարվել այս ընթացքում Սիրիայում, Լիբիայում էթնիկ, կրոնական փոքրամասնությունների հետ, այլ նույնը կատարվելու է նաև Հարավային Կովկասում, մեր տարածաշրջանում և փաստորեն մեկնարկը տրված է Լեռնային Ղարաբաղից և ընդդեմ հայության:

Սա, իհարկե, Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ է, որովհետև միջազգային իրավունքով ագրեսիա են ոչ միայն որևէ պետության վրա հարձակողական գործողությունները և նրա տարածքային ամբողջականությունը խախտելու միտումները, այլ նաև միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի բանաձևերով պետությունները պարտավորություն ունեն զինված ուժ չկիրառել ժողովուրդներին ինքնորոշման իրավունքից, իրենց ազատությունից և անկախությունից զրկելու համար: Բայց փաստացի տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ նպատակն ունի և մենք պետք է հասցնենք միջազգային հանրությանը, որ կանխարգելենք թե՛ հումանիտար աղետը, և թե՛ պաշտպանենք արցախահայության ինքնորոշման իրավունքը:

- Խոսեցիք տարածաշրջանի համար վտանգների մասին. կխնդրեի անդրադառնաք Իրանի դերին տարածաշրջանում, արցախա–ադրբեջանական հակամարտությունում ու Ադրբեջան-Թուրքիա տանդեմի դեմ պայքարում ինչ դեր ունի Իրանը Հայաստանի համար, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների կողմից  քայլեր արվո՞ւմ են այս խնդրի համատեքստում:

- Տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները վտանգ են ներկայացնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, այլ նաև մեր երկու մյուս հարևանների՝ Վրաստանի և Իրանի համար: Ես կարծում եմ՝ թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը չեն կարող հանդուրժել իրենց սահմանների մոտ ահաբեկչական խմբավորումներ բերելուն, կուտակելուն, զինելուն, որովհետև ցանկացած պահին այս խմբավորումները կարող են դուրս գալ Ադրբեջանի վերահսկողությունից և կարող են իրականացնել այլ գործողություններ, որը կխորացնի վտանգը տարածաշրջանում թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի համար: Այս երկու երկրներն էլ պետք է հնարավորինս փորձեն ձեռնարկել ինչ-որ միջոցներ, որ կարողանան մեզ հետ միասին կանգնեցնել թուրք-ադրբեջանական միտումը՝ ահաբեկիչների աշխարհագրությունն ընդլայնելու: Թե ինչ միջոցներ են ձեռնարկում մեր հարևան երկրները, ես չեմ կարող ասել, բայց, անշուշտ, վստահ եմ, որ նրանց այս հանգամանքը ևս անհանգստացնում է: - Ի՞նչ պետք է անել բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու համար, արդյո՞ք կստացվի, հատկապես, որ կա արդեն տապալված հումանիտար հրադադարի փորձը:

- Հայաստանը միշտ մատնանշել է, որ հարգում է Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը և բանակցային գործընթացի այն սկզբունքները, որոնց շուրջ ընթանում էին բանակցությունները: Այդ սկզբունքներից մեկն էլ այն է, որ Արցախի հարցի լուծումը չունի ռազմական ճանապարհով լուծում, այն պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք բազմիցս վերահաստատել ենք մեր այդ դիրքորոշումը՝ մենք պատրաստ ենք խաղաղ բանականությունների միջոցով նույն ձևաչափով, առանց բանակցային ձևաչափը փոփոխելու: Այսօր Թուրքիայի ագրեսիվ միջամտությունը նաև նպատակ ունի՝ փոփոխելու բանակցային ձևաչափը: Թուրքիան միշտ փորձ է արել նաև դեռ 1990-ական թվականներին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում խցկվել բանակցային ձևաչափում, սակայն չի ստացվել, որովհետև ակնհայտ է ՝որևէ պետություն, որն ունի կողմնակալ վերաբերմունք հակամարտության մի կողմի՝ այս դեպքում Ադրբեջանի դիրքորոշման նկատմամբ, չի կարող ցուցաբերել օբյեկտիվություն, անաչառություն բանակցային գործընթացում և դա կարող  է ավելի շատ բացասական ազդեցություն ունենալ, քան դրական: Թուրքիայի այսօրվա ապակառուցողական ներկայությունը տարածաշրջանում, առավել ևս մեզ բերում է այն համոզմունքին, որ նա չի կարող որևէ դերակատարում ունենալ այդ ձևաչափում: Մյուս կողմից մենք տեսանք, որ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի ռեժիմն Ադրբեջանը չի պահում, դա Ադրբեջանի ձեռագիրն է, նստել բանակցության սեղանի շուրջ, խոսել հրադադարից, խաղաղարարական գործողություներից, բայց միևնույն ժամանակ կրակել խաղաղ բնակչության վրա: Մենք հիմա տեսնում ենք, որ ԼՂՀ մի շարք քաղաքներ այսօր գտնվում են Ադրբեջանի կրակի տակ: Եվ այս համատեքստում հայկական կողմն աշխատանք ունի տանելու երկու ուղղությամբ՝ մեկը մեր բանակի, ԶՈւ-երի ռազմական հաջողություններն են, ինչը մենք տեսնում և այսօր մենք ուժերի գերլարումով, բոլոր հնարավոր միջոցներով փորձում ենք պահպանել, կերտել այդ հաղթանակը Արցախում և երկրորդը՝ դիվանագիտական աշխատանքն է, որի շնորհիվ աշխարհին պետք է վերջապես համոզիչ դառնա այն մեր փաստարկը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը կդառնա տարածաշրջանի փրկությունը և առհասարակ քաղաքակրթական մեծ ազդեցություն կունենա կանգնեցնելու թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումները և քաղաքակրթական աղետը, որը կախված է աշխարհի վրա: Պարտադիր չէ, որ այդ նկրտումները հասնեն Եվրոպայի դարպասներին, որ միջազգային, քաղաքակիրթ հանրությունը հասկանա, որ աշխարհում իսկապես կա վտանգ: