ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՍՏԱՑԱՎ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ


Վերջապես ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) ստացավ վաղուց սպասված իր անդամ դատավորներին: Ճիշտ է, արանքում մի թեթև ինտրիգ անցավ՝ ինչպես սև կատուն մարդու առջևով, բայց այն ավարտվեց. «իմքայլական» պատգամավորները որոշեցին բանի տեղ չդնել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ պարզած անկախ հանձնաժողովի խորհրդատվական զգուշացումները թեկնածուներից մեկի առումով:

Ճիշտ է նաև, որ իշխանամերձ կամ այսպես կոչված սպիտակ հանրությունն իրեն խաբված զգաց, բայց դե դա ինչ էական է՝ եթե տվյալ անձի թեկնածությունը ներկայացրել էր արդեն ստուգված ու բարեփոխված ԲԴԽ-ն՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Այսուհետ ժողովրդի վստահությունն ամբողջապես վայելող ՍԴ-ն հեղափոխական ավյունով սարեր շուռ կտա, և ինչ հակասահմանադրական Մըսրա Մելիք կդիմանա նրա հատու որոշումների հուժկու փաստարկներին: Ոչինչ, որ առանց վեթինգի վեթինգված ՍԴ-ն ձևավորվեց բազմաթիվ սահմանադրական դրույթների խախտումներով, սակայն ինչպես ժամանակակից Սոկրատն է ասում՝ հաղթողներին չեն դատում: Չնայած վերջինս երևի մոռացել էր, որ մշտապես հաղթողներ չեն լինում՝ եթե նրանց թշնամիներին չի հաջողվում պարտության մատնել նրանց, դա անում է ժամանակը: 


Ինչևէ, մեր հարազատ ու մեր վստահությունը վայելող ՍԴ-ն արդեն ձևավորվել է, և պետք է հասկանալ, թե որն է լինելու նրա առաջին քայլը: Չէ, կողքից հուշեցին, որ ձևավորման փուլը դեռ չի ավարտվել, քանի որ նոր սերնդի, երիտասարդ ու բանիմաց  ՍԴ անդամ դատավորները դեռ պետք է ընտրեն իրենց ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության  Սահմանադրական դատարանի նախագահին: Հետաքրքիր է՝ ով կլինի այն երջանիկը, որ ՍԴ նավը հեղափոխական ճամփաներով կտանի դեպի երջանիկ Սահմանադրականություն: Դա, իհարկե, խիստ կարևոր հարց է, սակայն մենք շարունակենք մեր ճամփորդությունը ՍԴ քայլերի անդաստանում: Եվ եթե մեզ չի խաբում մեր հիշողությունը, ապա առաջին քայլը, որ կկատարի գործող Սահմանադրության ոգուն համապատասխան դատարանը, ինչպես ժամանակին պահանջում էր մեր ազգի ղեկավարն ու հեղափոխական վարչապետը, ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ դատավարության առջև բոլո տեսակի սահմանադրական խոչընդոտների վերացումն է լինելու: Բա ՄԻԵԴ-ը (Մարդու իրավունքների եվրոպական դատարանը)՝ կողքից կրկին հուշեցին ինձ: Դա իսկապես մոռացել էի, չէ որ դեռ պետք է անցնել ՄԻԵԴ-ի պատնեշի (կա՛մ փշալարերի և կա՛մ մեկ այլ բանի՝ ով ինչպես կուզի) միջով: Թե՞ կողքով կամ վրայով. դե տակով հաստատ չի ստացվի: Բայց դա էական չէ՝ կարևորը մեր ինքնաբավ երկիրն է իր ինքնաբավ արդարադատությամբ: Իսկ մեզանից հեռու՝ թեկուզ ջրհեղեղ, համ էլ մինչև գարուն գա՝ յա էշը կսատկի, յա իշատերը:  

Բա՞ վերջին քայլը՝ կհարցնի ուշիմ ընթերցողը: Պատասխանեմ՝ ինչ կարևոր է, եթե ողջ այդ աջափսանդալը եփվեց ընդամենը առաջին քայլի համար... 

Վախթանգ Սիրադեղյան