ԵԹԵ ԱՆԳԱՄ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ, ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ․ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ


«Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

-Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցությունից հետո ՀՅԴ Գերագույն մարմինը հանդես եկավ հայտարարությամբ, որով իշխանություններին մեղադրեց Արցախյան բանակցային գործընթացում հստակ ռազմավարության բացակայության, մարտավարական ձախողման մեջ, նշեցիք, որ երկրում համերաշխության և համախմբման դեմ կատարվող գործընթացները թուլացնում են հայկական կողմերի դիրքերը և մեծացնում պատերազմի սպառնալիքը: Ի՞նչ նկատի ունեիք, ավելի կբացե՞ք փակագծերը։


-Հայտարարության մեջ արդեն իսկ ամեն ինչ հստակ ձևակերպված է, որ իշխանությունները չունեն հստակ ռազմավարություն և հայեցակարգ Արցախի հարցի լուծման ուղղությամբ և իրենց ապիկար, անհասկանալի և ոչ հետևողական քաղաքականության արդյունքում Հայաստանի դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում, որի արդյունքում նաև միջազգային հանրության աչքին Հայաստանը արդեն իսկ դիտարկվում է որպես ապակառուցողական կողմ՝ սրանով մեծացնելով պատերազմի վտանգը:

- Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Արցախյան բանակցությունների գործընթացը խափանելու մեջ, նշեց, որ բանակցություներ չեն ընթանում։ Այս մասով ի՞նչ կասեք, պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք։

- Ոչ միայն Ալիևը, այլև նմանատիպ հայտարարություն երեկ արեց Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Հայաստանին մեղադրելով տարածաշրջանը ապակայունացնելու մեջ: Սա ևս պայմանավորված է մեր իշխանությունների վարած արտաքին անսկզբունք քաղաքականությամբ, որի արդյունքում Թուրքիան այսօր բացահայտ հակամարտության կողմ է դարձել և հրապարակային հակահայ հայտարարություններ է անում: Պատերազմի վտանգ միշտ կա, և մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք դրան: Բազմաթիվ անգամ ասել ենք, մեկ անգամ ևս կրկնեմ՝ խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը պատերազմին պատրաստ լինելն է:

-Էլ ո՞ր կուսակցություններին, քաղաքական ուժերին եք առաջարկել միանալ հանրահավաքին։ Հնարավո՞ր է, որ «Հանրապետական» կուսակցությանը, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները միանան ձեզ։

-Որևէ այլ կուսակցության առանձին չենք ուղարկել հանրահավաքին մասնակցելու հրավեր: Մենք հայտարարել ենք մեր օրակարգը, այն բաց է, և ցանկացած քաղաքական ուժ, քաղաքացի, ով կիսում է մեր տեսակետները և կցանկանա միանալ մեր հանրահավաքին, հանրահավաքը բաց է, կարող է գալ և միանալ: - Ովքե՞ր են ելույթ ունենալու, հատկապես ի՞նչ խնդիրների վրա եք շեշտադրումներ անելու։

- Բնականաբար, ելույթ են ունենալու երեք կուսակցությունների ներկայացուցիչները: Ընդհանուր գնահատական է տրվելու ստեղծված քաղաքական իրավիճակին, խոսվելու է խնդիրներից, երկրի առջև ծառացած մարտահրավերներից և առաջիկա անելիքներից: Ելույթի բովանդակային մասին այս պահին շատ չեմ անդրադառնա, հանրահավաքի ընթացքում ելույթների շեշտադրումները առավել պարզ կլինեն: - Եթե մինչև հանրահավաքի տեղի ունենալը Գագիկ Ծառուկյանը ձերբակալվի կամ կալանավորվի, այս դեպքում ի՞նչ կանեք, ի՞նչ ծրագրային փոփոխություններ եք նախատեսել դեպքերի նման զարգացման պարագայում։

-Մենք հույս ունենք, որ իշխանությունը խոհեմ կգտնվի և չի գնա այդ ճանապարհով, բայց, եթե անգամ ապօրինի որոշում կայացնի, և Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, մեր ծրագրերում ոչինչ չի փոխվելու, հանրահավաքը տեղի է ունենալու, և ձերբակալման փաստը ոչ թե թուլացնելու է հավաքը, որպես ևս հավելյալ հանգամանք իշխանության ապօրինությունների, ուժեղացնելու է այն: 

Հիշեցնենք, որ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հանրահավաք են կազմակերպելու հոկտեմբերի 8-ին, ժամը 18-ին, Ազատության հրապարակում։ 

Սերգեյ Առաքելյան