«Ռուսաստանի դերակատարումն այս պատերազմում լինելու է վճռորոշ. Կխառնվի՞ այս գործընթացին». Արման...


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կանցկացնի հրատապ կարգով նիստ, որի ժամանակ քննարկվելու է Արցախյան հակամարտության հարցը, և նման նախաձեռնությամբ դիմել են  մի շարք եվրոպական երկրներ՝ Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, ՄԹ և Էստոնիա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, անդրադառնալով այդ նիստին, նշեց, որ հայկական կողմի համար կարևոր է, որ միջազգային ամենաբարձր հարթակներում շեշտվի, որ ադրբեջանաարցախյան սահմանին ռազմական հարձակում սկսել է ագրեսոր Ադրբեջանը։


«Միջազգային բոլոր հարթակներում պետք է հստակ նշվի ագրեսոր Ադրբեջանի անունը. այդ շեշտադրումը շատ կարևոր է, որովհետև մենք մինչև հիմա ստանում ենք միջազգային տարբեր հարթակներից հակամարտող կողմերի միջև ինչ-որ չափով հավասարություն դնող հայտարարություններ, թեև հստակ պետք է արձանագրվեր, որ ագրեսորն Ադրբեջանն է»,- ասաց  Աբովյանը։

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամը նշեց, որ դիվանագիտական խողովակներով այս ամենը տեղ հասցնելու համար այս օրերին ակտիվորեն աշխատում է ՀՀ խորհրդարանական դիվանագիտությունը, և այդ աշխատանքն առավել արդյունավետ է Ռուսաստանի, Եվրամիության մի շարք երկրների հետ։

Անդադառնալով արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողություններին՝ Արման Աբովյանը նշեց, որ Ադրբեջանը հարձակման անցել է՝ նախապես ստանալով թուրքական աջակցությունը, որովհետև մեր տարածաշրջանում լարումն առավելապես ձեռնտու է նաև Թուրքիային։

«Իրականում աշխարհաքաղաքական և տարածաշրջանային պրոցեսների մի փուլ է սկսվել, և այս պատերազմն այդ փուլի ձևավորման էլեմենտներից մեկն է, որի մասին տարբեր երկրների վերլուծաբաներ ու մենք աղաղակում էինք։ Ահազանգում էին, որ տարածաշրջանում ընթանում են գործընթացներ։ Նշեմ, որ այդ գործընթացներին զուգահեռ՝ և Միացյալ Նահանգները, և Ռուսաստանը, և Ֆրանսիան աշխատանքներ են տանում, որովհետև պանթուրանական նախագիծը ձեռնտու չէ առաջին հերթին նաև այս երեք խոշոր խաղացողներին։ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Արցախի և Հայաստանի չեզոքացումը կնշանակի, որ թուրքական էքսպանսիան մտնելու է Ռուսաստան»,- ասաց Աբովյանը` նշելով, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ  ՀՀ ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանը պետք է լինի շատ ուժեղ և վճռական.

«Առճակատումը Հայաստանի տարածքում և դրա խորացումը Արցախում բերելու է Ռուսաստանի անմիջական ներգրավվածության, իսկ նման զարգացումն ուղղված է լինելու Թուրքիայի դեմ։ Այս պատերազմի մոդերատորը Թուրքիան է,  ոչ թե Ադրբեջանը, որը այս պահին Թուրքիայի կատարածուն ու թնդանոթային միսն է»։

Խոսելով Արցախից բացի՝ նաև Հայաստանի Հանրապետության տարածքում թշնամու կողմից սանձազերծվող գործողությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ արձակված հարվածների մասին՝ Արման Աբովյանը նշեց.

«Համոզված եմ՝ Ռուսաստանը կխառնվի այս գործընթացին, և այն, ինչ նախագծել են Ադրբեջանն ու Թուրքիան, չի՛ ստացվի։ Նրանք ցանկանում են լարվածությունը տեղափոխել Հայաստան, զինված ուժերի մի մասը տեղափոխել Հայաստանի տարածք, լարում ստեղծեն, բայց համոզված եմ՝ չի՛ ստացվելու։ Ռուսաստանի դերակատարումն այս պատերազմում լինելու է վճռորոշ»։

Հարցազրույցի մանրամասնեը՝ տեսանյութում