Անդրանիկ Քոչարյանը ծաղրեց Ռոբերտ Քոչարյանի ակցենտը



Օրեր առաջ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց պաշտպանները հայտարարեցին, որ չեն մասնակցելու դատական նիստերին՝ մեսիջ հղելով դատական համակարգում խնդիրների մասին:

Այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի և վերջինիս թիմի թեթև ձեռքով վերածվել է ֆարսի. «Ռոբերտ Քոչարյանը, փոխանակ գնա դատաքննական փուլ ու փորձի իր առջև դրված մեղադրանքների բացատրությունը հերքել կամ ապացուցվի, վերցրել է այլ տակտիկական իրավական գործընթաց: Խոսքը վերաբերում է խափանման միջոցների անվերջ շրջապտույտին: Դա ոնցոր թե սկսել է դուր գալ դատավորին:

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին դարակազմիկ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «երեքշաբթի օրերն իր օրակարգից ջնջել է», (Անդրանիկ Քոչարյանը այս խոսքերը կրկնեց՝ փորձելով կրկնօրինակել Ռոբերտ Քոչարյանի ակցենտը): Ո՞նց ջնջել ես, շաբաթն ունի 7 օր: Նա մի տարօրինակ բան էլ ասաց, թե չի հասկանում ինչի մեջ են իրեն մեղադրում: Քոչարյանը չգիտի՞, թե ինչի մեջ են մեղադրում Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի հասցեին, 0038 հրամանն օդի՞ց է եկել:

Կամ դատավորը պետք է իրեն ընձեռած իրավասությունների շրջանակում մտնի դատաքննական փուլ, կամ Ռոբերտ Քոչարյանը պետք է այլևս չխոսի քաղաքականություն վերադառնալու մասին: Քաղաքականություն վերադառնալու լավագույն ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է»:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ շատ պարզ ասաց ամեն ինչ. «Բավականին կոշտ ասացի, գուցե մի քիչ էլ սահմանն անցա»: