Պուտինը ժամանել է Հարավային ռազմական շրջան՝ հետևելու «Կովկաս-2020» զորավարժություններին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկրի Հարավային ռազմական շրջան է ժամանել՝ հետևելու Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարանում իրականացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին, գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայության հայտարարությանը: 


Աղբյուրը մանրամասնում է, որ պետության ղեկավարն ուղղաթիռով զորավարժարան է ժամանել երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: 


«Զորավարժությունների հիմնական փուլի շրջանակներում Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Պակիստանի և Մյանմայի ռազմական զորամիավորումների հետ գրոհը հետ մղելու, պայմանական թշնամու ուժերին կրակային վնաս հասցնելու և հարձակման անցնելու մարզումներ են իրականացնում»,- նշել են Կրեմլում: 


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հիմնական զորավարժությունները մի շարք զորավարժարաններում տեղի են ունենալու սեպտեմբերի 21-26-ը: Բացի այս Սև և Կասպից ծովերի ջրերում գործողություններ կիրականացնեն նաև Սևծովյան և Կասպիցծովյան նավատորմերը, որոնց կմիանան նաև իրանական ռազմանավերը:


Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը հատուկ ուշադրություն կդարձնեն թևավոր հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին, ինչպես նաև ռազմական գործողությունների արագ փոփոխությանը:


Նշվում է, որ որպես դիտորդ հրավիրված են Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի Լանկայի ներկայացուցիչները: