Պուտինը, Թրամփը և Մակրոնը ցավակցություն են հայտնել ԼՂ-ում ռազմական գործողությունների ժամանակ...


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սգում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար և ցավակցություն հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին:


Նախագահների համապատասխան հայտարարությունը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ria.ru-ն։


«Մենք սգում ենք զոհվածների համար և ցավակցում զոհերի և վիրավորների ընտանիքներին»,- ասված է հայտարարության մեջ:


Իրենց համատեղ հայտարարության մեջ նախագահները նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առանց նախապայմանների վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները:


«Մենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ ստանձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բարխղճորեն և առանց նախապայմանների հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների վերսկսման պարտավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:


Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։


Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։


Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։