ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ


Ոմանք կռվում են՝ սահմանն ու երկիրը պաշտպանում, ոմանք էլ փորձում են դիվիդենտներ շահել պատերազմի հողի վրա։ Առաջինները սուսուփուս մեկնում են ռազմի դաշտ, փորձում են մի փոքրիկ գործ անել։ Նրանք այդպես լուռ էլ կգնան, կծառայեն եւ հարկ եղած դեպքում կյանքն էլ կզոհեն հայրենիքի համար։ Իսկ երկրորդ խումբը կխոսի հայրենիքի ու հայրենասիրության մասին, լացակումած տեքստեր կարտաբերի, կպատմի, թե ինչպես է պատրաստվում գնալ ռազմաճակատ ու զոհվել հանուն հայրենիքի, կնկարվի ռազմի դաշտ մեկնողների ֆոնին կամ Ստեփանակերտի հրապարակում, բայց ո՛չ կգնա կռվելու, ո՛չ կզոհվի, ո՛չ էլ հասկանում է, թե ինչ է իրականում հայրենիքն ու հայրենյաց պաշտպանությունը։ Իսկ մենք էմոցիոնալ ու խոսքով խաբվող ժողովուրդ ենք։ Շատ քչերն են ունակ տարբերելու հերոսներին պոպուլիստներից, գործով հայրենիքը սիրողներին՝ խոսքով հայրենիքին սեր խոստովանողներից։

Դերասանական մի խաղ, զգացմունքային ճառ, զինվորական համազգեստը հագին մի իշխանասեր մեզ կարող է հանգիստ խաբել ու մոլորեցնել։ Կարող է մեզ համոզել, որ ինքն է այս երկրի իրական քաղաքացին, իսկ ռազմի դաշտում կանգնած համեստ ու քչախոս զինվորականը ոչինչ է իր համեմատ։ Կեղծիքն ու պոռոտախոսությունը, հիմարությունն ու ստախոսությունն այնքան են ներթափանցել մեր կյանք, որ մենք սկսել ենք դրանք չզանազանել հայրենասիրությունից ու նվիրումից, համեստությունից ու խոնարհությունից։ Անբացատրելի չարությունը ոմանց նկատմամբ եւ չպատճառաբանված սերը մյուսների հանդեպ հեղեղել են մեր երկիրը։ Նույն արարքի համար մեկին կարող ենք հերոսացնել, մյուսին՝ հողին հավասարեցնել։ Եվ հիմարության ու խելքի, չարության ու բարության պայքարում միշտ չէ, որ խելքն ու բարությունն են հաղթում։ Իսկ պատերազմն ավելի է սրում կրքերը։