ՓՆՏՐՎՈՒՄ Է ՀԱՅ



(Վիլյամ Սարոյանի օգնությամբ) Բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ «...բա որ թուրքը լսի, ուրախանա» արտահայտության հեղինակը թուրքերն են: Այլապես`  դուք որտե՞ղ եք տեսել, որ հայը մարդ սպանի: Մինչեւ հիմա դա անում էին թուրքերը: Դուք որտե՞ղ եք լսել, որ հայը բնություն կեղտոտի: Թուրքերն են գալիս, անում ու գնում: Ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում գոնե մեկ ծառ չես գտնի, գալիս են մեր բնության հերն անիծում ու գնում: Բոլոր հայերը ընթերցասեր են: Հայերը հեղինակ են նույնիսկ այն հանճարեղ ստեղծագործությունների, որոնք ուրիշ ազգերը դեռ պետք է գրեն: Եթե հայը գիրք չի կարդում, պատճառն այն է, որ կարդալու ենթակա բոլոր գրքերը հենց ինքն էլ գրել է:  Ոչ մի հայ իր հանճարի վրա չի նայում, որովհետեւ հանճարեղ լինելով հային չես զարմացնի: Թող մեր գլուխն իրենց Փամուկով չտանեն: Հայերը խելոք ազգ են, բայց հիմնական խնդիրներն առաջացան թուրքերի ի հայտ գալուց հետո:  Հայերը համեստ են: Եվ հենց դրանով էլ սիրում են առանձնանալ: Որովհետեւ որոշ հայեր ավելի համեստ են:  Որոշ հայեր հայ են, քանի դեռ իրենց բերանը չեն բացել: Որոշները լռում են իրենց հայ լինելու մասին, որպեսզի չխանգարեն ուրիշներին՝ իրենց հռչակելու հայ:  Գրեթե չկա մի հայ աշխարհում, որ պոտենցիալ Հիսուս Քրիստոս չլինի: Մեր բանտերը լցված են թուրքերով, մենք այդքան շատ չենք, որ քրեական արարքների ճոխություն թույլ տանք մեզ: Հայը հային բռունցքով չի խփի, թեպետ «բռունցքվելն է հավերժությունը Հայաստանի»: Մեր համեստությունը քրեստոմատեական է, երբեք ոչ մեկը չի իմանա, որ Հոմերոսից մինչեւ Ռոբերտ Դե Նիրո հայ են եղել: Քիմ Քարդաշյանը հայ չէ: Բոլոր զոհերը հայ են, այստեղից էլ` «հայի բախտ» արտահայտությունը: Մյուս կողմից՝ մեզ համար մեռնելը խնդիր չէ: Մեռնողները սովորաբար նույնքան հնչեղ անուններ են ունենում, որն ապրողները կերազեին ունենալ: Մենք այնքան կանք, որ մեզնից ընդօրինակում են ցեղասպանվելը: Ով չի ցեղասպանվել, հայ չէ: Ոչ մի անտաղանդ մարդ հայ չէ: Այդ թուրքերն են արտագաղթում Հայաստանից, հայն իր հողից կարտագաղթի՞: Պատմությունը նման փաստ չունի: Իրենք արտագաղթում են, իրենք էլ գրում էդ մասին, իրենք էլ ուրախանում: Մենք առանց այն էլ գրեթե ամբողջ աշխարհն ենք, թեպետ հազիվ 10 միլիոն լինենք: Մենք համաշխարհային ազգ ենք: Ով այս կարծիքին չէ, թուրք է: Բոլոր ռաբիզ երգերի հեղինակները թուրքերն են: Լուի Արմսթրոնգը հայ չէր, բայց` մեր թույլտվությամբ: Հայը մինչեւ հիմա էլ արարում է աշխարհը, որն Աստված կիսատ է թողել: Արարչությունը կավարտվի, երբ ոչ մի թուրք չի մնա: Մուստաֆա Ազիզա Զադեին գիտե՞ք: Թուրք չէ, հայ է, на худой конец` հրեա: Ռուստամ Իբրահիմբեկովը թուրք չէ: Նրա համար փնտրվում է ազգություն: Եթե հայի անցած տարածքներում ամայություն է առաջանում, ուրեմն էդ տարածքը երազում էր ամայանալ: Սեւանա լիճն այս օրին հայերը չեն հասցրել, վերջին 30 տարում հայը ե՞րբ է Սեւանա լիճ ոտք դրել: Դա թուրքերի ձեռքի գործն է:  Ամբողջ աշխարհը, այսինքն՝ հայերը, գիտեն, որ հայը ծաղկացնող ազգ է: Քաջարանը, Ալավերդին եւ Արարատի սարերը կվկայեն այդ մասին: Հայերը հոգեկան խնդիրներ չեն ունենում, դրանք ծպտված թուրքերն են: Բոլորի ուշքն ու միտքը հայերին ոչնչացնելն է: Նույնիսկ Բելառուսում Լուկաշենկոն դրանով է զբաղված: Ռոբերտ Քոչարյանը հայ չէ: Նրա համար աշխարհում հարմար ազգություն չկա: Աղոտ տեղյակ եմ, որ ամենահայկական բանը, որ հայերն արել են, Անկախության հանրաքվեին «այո» ասելն էր: Հա, մեկ էլ արցախյան հաղթանակը: Դրանից մի քանի տարի հետո Հայաստանում իշխանության եկան թուրքերը: Այդ օրից փնտրվում է հայ: