ՊԵԿ-ն առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ներկայացնել գնային առաջարկություններ՝ հետագայում....


Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ,  դեռևս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության  պետ Կարեն Բաբայանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես, գործընթացում ծագող անհարմարությունների և գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները: Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով։ Մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները:   Սակայն քաղաքացիները քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից և փոխարենը՝ նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ։ ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ։