ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ ՔՐՖԵԼՈՒ ՄԱՍՏԵՐ-ԿԼԱՍՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ


Ամեն ինչ սկսվեց Արայիկ Հարությունյանի երեկվա ելույթից, որտեղ նա անթույլատրելի կարմիր գծեր խախտեց՝ իրեն քննադատողների հսկայական բանակից առանձնացնելով Գագիկ Ծառուկյանին եւ նրա անցյալը հիշելով։ Այսօր իր նախարարին պաշտպանեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելի խորացնելով անմակարդակ դիսկուրսը եւ հարցը տեղափոխելով տղայական ռազբիրատի դաշտ։ Եւ «պաշլո պաեխալով»․․․

Պանդորայի արկղը բացվեց եւ երկրորդ էշելոնն անցավ գործի։ Ինչպես միշտ նախ փեսային օգնության հասավ աներձագը, հայտարարելով, որ համաձայն է Ծառուկյանի հետ՝ ոչ միայն հոգեկան հիվանդների համար պետք է սահմանափակումներ արվեն, այլեւ մտավոր հետամնացների եւ այլն։ Հետո կռվին միացավ Արսեն Բաբայանը՝ էժանագին բամբասանքներ տաածող դեղին մամուլի խմբագիր անվանելով վարչապետին։ Իր բաժին մի շերեփն ավելացրեց այս ճաշին Ալեն Սիմոնյանը՝ գրելով, որ Ծառուկյանը հոգեկան հիվանդ ասելով ոչ թե վարչապետ Փաշինյանին է նկատի ունեցել, այլ իր կուսակից Գեւորգ Պետրոսյանին։ Բնականաբար՝ տակը չմնաց Գեւորգ Պետրոսյանը, համարժեք արձագանքելով ԱԺ փոխխոսնակին։ 


Եւ այս աննախադեպ «բարձորակ» դիսկուրսի նախաձեռնողը ինքն է՝ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որը, հիշեցնենք, ոչ միայն իր ընտրողների եւ իր կուսակիցների վարչապետն է, այլ՝ բոլորի։ Նաեւ իրեն քննադատողների, իր գաղափարական հակառակորդների, անգամ իրեն հայհոյողների։

Հետաքրքիր է՝ մեզանում դեռ կա՞ն մարդիկ, որոնք չգիտեն, թե այս ատելության, միմյանց մերժելու ու ոչնչացնելու, ֆեյսբուքյան ճակատամարտեր մղելու, ընդդիմախոսներին հայհոյելու եւ գոտկատեղից ցածր հարվածներ հասցնելու հեղինակն ու պատճառն ով է։ 2 տարի շարունակ երկրում այս չարության եւ իրար միս կրծելու մթնոլորտը Նիկոլ Փաշինյանի միակ ձեռքբերումն է՝ ոչ տնտեսական հաջողություններ է գրանցել,  ոչ արտաքին քաղաքականության ասպարեզում է հաջողել, ոչ մշակութային ու սպորտային ձեռքբերումներ ունենք, ոչ կառավարման ու դատական համակարգում է կարողացել ռեֆորմներ իրականացնել։ Փոխարենը հայհոյանքի ու ընդդիմախոսներին վիրավորելու գործն ինստիտուցիոնալացրել է։ Ողջ երկիրը տեղափոխել է ֆեյսբուք։ Աշխատելու փոխարեն իրար քրֆելու, հնարավորինս ցավոտ խփելու մաստեր-կլասներ է ցույց տվել այս երկու տարում։