«Դա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն մարդկության դեմ». Հրվ. Օսիայի խորհրդարանը դատապարտել է...


Հարավային Օսիայի խորհրդարանը «վճռականորեն դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան», հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ալան Թադթաևը: Պաշտոնյայի խոսքը հրապարակել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:


Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սանձազերծված ռազմական գործողությունները սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը, ընդգծել է Թադթաևը:


«Հարավային Օսիայի խորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնում 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված զինված ագրեսիայի կապակցությամբ։ Ադրբեջանի ղեկավարության կողմից Արցախի եղբայրական Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի․ դա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն մարդկության դեմ»,-ասել է խորհրդարանի խոսնակը։


Նա նաև ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի հակամարտության շուտափույթ կարգավորման համար։


«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ջանքեր գործադրել հակամարտության շուտափույթ կարգավորման համար և կոչ ենք անում կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք խնդրում ենք բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել արյունահեղությունը», - եզրափակել է խոսնակը։