Մնացականյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ.7or.am



ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման եղանակներին և պատրաստակամություն հայտնել հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ:

«Հայաստանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը հետաքրքրված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ: Դա հնարավոր կլինի խաղաղ համաձայնագրի հասնելու միջոցով, որը հիմնված կլինի փոխզիջումների վրա: Միակողմանի զիջումները բացառվում են: Դրանք չեն կարող հեռանկարներ ունենալ: Խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն հակամարտության կարգավորման համար»,-մեկնաբանել է Մնացականյանը՝ կարևորելով հիմնախնդրի կարգավորման հարցը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջիկայում հանդիպում նախապատրաստելու մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ նախարարը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել և շարունակել քննարկումները:

«Մեր աշխատանքի կարևորությունը փոխզիջումներ գտնելու անհրաժեշտության, անվտանգության ապահովման, ուժի կիրառումից հրաժարվելու և մաքսիմալիստական մոտեցումների մեջ է: Հայատասնի համար կարևոր և հստակ առաջնահերթություններ կան: Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնահերթ է: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումն առանց որևէ սահմանափակումների, Արցախի համար անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություններ են: Եվ մենք պատրաստ ենք աշխատել և՛ համանախագահների, և՛ ադրբեջանական կողմի հետ՝ որոշելու բանաձևերը, որոնք թույլ կտան մեզ համադրել հնարավոր փոխզիջման միջոցները»,-ասել է Մնացականյանը:

Վերջինս ընդգծել է նաև բանակցային գործընթացին Արցախի լիարժեք ներգրավման կարևորությունը: «Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն՝ առանց որևէ սահմանափակումների, Հայաստանի մոտեցումն է խաղաղ կարգավորման հարցին»,-հավելել է ԱԳ նախարարը: