Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց թիրախավորումը փաստում է, որ Ադրբեջանը կատարում է...


Ադրբեջանական զինված ուժերը, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, դիտավորյալ, ուժգին և թիրախային կերպով հարվածել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Մասնավորապես, Ադրբեջանի կողմից թիրախավորվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որն իրականացնում է փրկարար ու մարդասիրական գործունեություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ-ը:


Նախնական տվյալներով՝ դիտավորյալ ու հասցեական թիրախավորման արդյունքում կան վիրավորված քաղաքացիական անձինք և մեծածավալ նյութական վնասներ: Տվյալները ճշտվում են:

Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և պետական մարմինների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է վարում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ներառյալ՝ կատարելով պատերազմական ծանրագույն հանցագործություններ:


Մինչև այս միջադեպը, Ադրբեջանը կիրառել է կասետային հրթիռներով Սմերչը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Հադրութ քաղաքի քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա, որի արդյունքում վիրավորվել է երեք անձ: Սա այս օրերին քաղաքացիական նշանակության օբյեկտների դեմ կասետային զենքի կիրառման առաջին դեպքը չէ, ինչը նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր իրագործվող պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության այսօրվա թիրախավորումը:

Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին հստակ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին՝ պաշտպանելով Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքները: Միջազգային հանրությունն ուղիղ պատասխանատվություն է կրում իրականացվող հանցագործությունների հետևանքների համար, և պետք է բացառվի Արցախի քաղաքական կարգավիճակով պայմանավորված խտրականությունն ու անտեսումն Արցախի բնակչության հանդեպ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։