«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ 20 ՀԱԶԱՐԻ ՀԱՄԱՐ


ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի հանրահայտ որդիներից կրտսերը՝ Գուրգեն Արսենյանը, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սեպտեմբերի 10-ին նրան ձերբակալել են, ու դեռեւս պարզ չէ՝ կկալանավորե՞ն, թե՞ ոչ։ Իրավապահ մարմիններն ու նրա հայրն առայժմ խուսափում են ինֆորմացիա տալ․ Արսենյանը մեզ հորդորեց իրավապահներից ճշտել, թե ինչ գործով է անցնում որդին, իսկ քննչականից ընդամենը հաստատեցին, որ կա հարուցված քրգործ։ Մեր տեղեկություններով, նախկին պատգամավորի որդուն ավազակային հարձակման վերաբերյալ մեղադրանք կառաջադրվի։


Հարձակման ենթարկված անձն Արսենյանների տան 60-ն անց աշխատակիցն է։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին․ կրտսեր Գուրգեն Արսենյանը սառը զենքի սպառնալիքով կողոպտել է աշխատակցին, կողոպուտը եղել է ընդամենը 20 հազար դրամ, աշխատակիցն էլ հաղորդում է ներկայացրել։ Մեզ այլ մանրամասներ ճշտել չհաջողվեց։ Հիշեցնենք, սակայն, որ Արսենյանի որդին դեռ անցած տարվա սկզբին էր դատապարտվել 4 տարվա պայմանական ազատազրկման։ Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա երիտասարդը  մեղադրվում էր Երեւանի Աբովյան 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց ընկերների հետ կատարած խուլիգանության մեջ: