Քաղաքականապես զգայուն գործերից դուրս դատարաններն այսօր անկաշկանդ են. Մեժլումյան


Քաղաքականապես զգայուն գործերից դուրս դատարաններն այսօր անկաշկանդ են, դատախազությունից չեն կաշկանդվում, կալանքի միջնորդությունները մերժում են, արդարացումներ են լինում։ Ճնշումները նկատվում են քաղաքականապես զգայուն գործերով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Փաստաբանը գտնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը պետք է կասեցվի մինչև վեթինգի ավարտը, որը, կարծես թե բոլոր դատավորների գլխավերևում «Դամոկլյան սրի» պես կախված է։ Թեև պաշտպանը դատական նիստերից մեկում նման հայտարարությամբ էր հանդես եկել, սակայն բացառված չէ, որ առաջիկայում նաև նման միջնորդությամբ հանդես կգա։ «Վեթինգից հետո դատավորները, այդ թվում՝ նույն դատավորները, հնարավոր է, որ ավելի ազատ գործեն»,- ասաց Մեժլումյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն է ներկայացրել՝ նախկին խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու և Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու մասին։ Հուլիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, չհեռանալով խորհրդակցական սենյակ, հայտարարեց, որ հետաձգում է քննարկումը՝ մինչեւ Վճռաբեկ դատարանում եւ Սահմանադրական դատարանում առկա դիմումների գործով որոշման կայացումը։

Կարեն Մեժլումյանը վերաքննիչ բողոքով պահանջել է բեկանել դատարանի՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդության լուծումը հետաձգելու որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ միջնորդությունը բավարարելու մասին, սակայն Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սահակյանի, բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ վիճարկվող արձանագրային որոշումը բողոքարկման ենթակա չեն։ Կարեն Մեժլումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դիմել էր նախկին խմբագրությամբ՝ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի սահմանադրականության հարցով, որն իրավական որոշակիության պահանջներին չէր համապատասխանում, բերվել է բազմաթիվ հիմնավորումներ՝ սկսած ԵԽ բանաձևերից՝ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցից, վերջացրած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով, համաձայն որի՝ հոդվածի որոշակիության համապատասխանեցման համար աշխատանքային խումբ է ստեղծվել, օրենքի նախագծից և ԱԺ քննարկումներից։ Մեժլումյանն ընդգծեց, որ միջնորդություն ներկայացրել է՝ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի սահմանադրականության հարցով, ինչի վերաբերյալ ՍԴ-ում որևէ գործ չի քննվում։

«Կարծում եմ, որ դատարանն ինքը պետք է շահագրգռված լիներ ՍԴ դիմելու համար՝ պարզելու սահմանադրականությունը։ Այս գործի քննությունը կարող է 7-10 տարի ձգձգվել, որովհետև մոտ 1000 հարցաքննման ենթակա անձ կա՝ վկա, տուժող, կողմեր և այդ 1000 անձին ավելի քան 10-15 հոգի հարցաքննող կա։ Կձգվի և կձգվի։ Պատկերացնու՞մ եք՝ 10 տարի գործ քննվի, հետո 10 տարի հետո դատարանը դիմի ՍԴ և պարզվի, որ Սահմանադրությանը հակասում է, այսինքն՝ այդ գործը պետք է կարճվեր և դա արվում է 10 տարի, 7 տարի, 5 տարի հետո, բայց տարիներ շարունակ այս անձինք՝ ամբաստանյալները, պաշտպանները, տուժողները գնում-գալիս են, իսկ դրանք ծախսեր են, այդ թվում պետության համար»,- նշեց Մեժլումյանը՝ հավելելով, որ դատարանն այս միջնորդության լուծումը հետաձգեց և հայտնի չէ՝ քանի տարով, քանի ամսով։

Մեժլումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ նշելով, որ հատուկ նորմ է, ուստի՝ նման միջնորդությունը պետք է կամ մերժվեր, կամ բավարարվեր և նման միջնորդության լուծում չէր կարող հետաձգվել։

«Ընդամենն օրենքի ձևակերպումը պետք է ստուգվեր, այդ ձևակերպմամբ օրենքը իրավական որոշակիության համապատասխանում է, թե ոչ։ Վերաքննիչ բողոք եմ ներկայացրել, սակայն Վերաքննիչ դատարանը բողոքը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ դատարանը «թղթային» որոշում չի կայացրել՝ մերժելու կամ բավարարելու մասին »,- ավելացրեց Մեժլումյանը՝ ընդգծելով, որ բարձրացված հարցերը պետք է քննարկման առարկա դառնար Վերաքննիչ դատարանում։

Նրա խոսքով՝ կոնկրետ հարցեր են բարձրացվել, օրինակ՝ ՍԴ դիմելու մասին միջնորդությունը կարող է հետաձգվել, թե ոչ, սակայն Վերաքննիչ դատարանն այդ հարցերի պատասխանները չի տվել, քանի որ թողել է բողոքն առանց քննության։ Մեժլումյանը պարզաբանեց, որ արձանագրային որոշումը, ըստ էության, ենթակա չէ բողոքարկման, սակայն իր կողմից բարձրացված հարցադրումն այլ էր, մասնավորապես՝ դատարանը չէր կարող միջնորդության վերաբերյալ արձանագրային որոշում կայացնել, պետք է խորհրդակցական սենյակում որոշում կայացներ՝ մերժելու կամ բավարարելու մասին, առնվազն այդ հարցի համար պետք է վարույթ ընդուներ բողոքը։ Ամենայն հավանականությամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ փաստաբանը Վճռաբեկ բողոք կներկայացնի։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին որոշում նախկինում կայացրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել դատախազության կողմից։ Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, թեև փաստաբաններն այն ժամանակ հայտարարում էին, որ նշված որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ այդ հարցը ևս բարձրացրել է՝ Վերաքննիչ դատարանի դատավորն արդյո՞ք իրավասու է որոշել գործը քննող դատավորի համար կա սահմանադրականության խնդիր, թե ոչ, սակայն ընդգծեց, որ այս դեպքում իրավիճակն այլ է։ Արձանագրենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը, ի տարբերություն դատավոր Աննա Դանիբեկյանի արձանագրային որոշում չի եղել, նա այն կայացրել է խորհրդակցական սենյակում ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո