Զինվորից հաց գողացո՞ղ է արդյոք Երևանի քաղաքապետարանը



Դեռևս ապրիլի սկզբին 168.amգրել էր, որ Երևանի աղբահանությունն իրականացնող լիբանանյան «Սանիթեք» ընկերության գործունեության անփառունակ կասեցումից հետո մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ ստեղծված «Երևանի աղբահանություն և սանմաքրում» համայնքային հիմնարկն ըստ էության հարկեր չի վճարում, և դա՝ այն դեպքում, երբ նոր իշխանությունները «Սանիթեք» ընկերությանն էին մեղադրում  հարկեր չվճարելու ու նախկին իշխանությունների հետ հանցավոր համագործակցության գալու համար: 168.am-ի ձեռքի տակ էր հայտնվել մի փաստաթուղթ, որը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուղարկել է Երևան քաղաքի Արգիշտի փողոց 1 հասցեում տեղակայված «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» պետական կառավարչական հիմնարկին: Արգիշտի փողոց 1-ը Երևանի քաղաքապետարանի հասցեն է: Փաստաթուղթը ծանուցագիր էր, որով ՊԵԿ-ը Քաղաքապետարանին տեղեկացնում է, որ վերջինս ունի չկատարած հարկային՝ ընդհանուր 4096003 դրամ գումարի պարտավորություններ, որից 4083752 դրամը՝ ապառք, իսկ 12251 դրամը՝ տույժ: Դա՝ մարտի 24-ի դրությամբ: Հիմա, բնականաբար, վճարվելիք գումարն անգամներով ավելացած կլինի: Մենք խոստացել էինք, որ կհետևենք իրադարձությունների ընթացքին, հատկապես որ, մեր տեղեկություններով՝ ավելի վաղ ՊԵԿ-ը Քաղաքապետարանից պահանջել էր նաև ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ տվյալներ, որի վճարումից համայնքային հիմնարկն ազատված է, սակայն պարտավոր է ՊԵԿ-ին ամեն դեպքում հաշվարկ ներկայացնել: Ըստ էության քաղաքապետարանը չի կատարել իր մեկ այլ պարտավորություն ևս՝ հրաժարվել է տրամադրել ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ տեղեկատվությունը։ Բանն այն է, որ բազմաթիվ համայնքապատկան ՓԲԸ-ների և ՀՈԱԿ-ների շարքում քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատակազմն աղբահանության նոր հիմնարկի համար որոշել էր ընտրել «համայնքային հիմնարկ» իրավակազմակերպական ձևը՝ ենթադրելով, որ այդ կերպ հնարավոր կլինի խուսափել ԱԱՀ հաշվարկումից և վճարումից, քանի որ, ըստ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետի՝ ԱԱՀ-ից ազատվում է պետական կառավարման մարմինների կողմից այն ծառայությունների մատուցումը, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի վճարում։ Բանն այն է, որ լիազոր մարմին Պետական եկամուտների կոմիտեն, ուսումնասիրելով օրենսգրքի այդ դրույթը, գտել է, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը չի կարող օգտվել այդ արտոնությունից, քանի որ այն թեպետ անունով «համայնքային հիմնարկ» է, սակայն էությամբ պետական կառավարման մարմին չէ։ Երևանի քաղաքապետարանում կա մեկ կառավարման մարմին՝ հիմնարկ, և դա հենց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն է, և ողջամիտ չէ աղբահանության գործառույթներ կատարող կառույցին համարել պետական կառավարման մարմին։ Այս ընթացքում, մեր տեղեկություններով, խնդիրը քննարկվել է քաղաքապետարանի և Պետեկամուտների կոմիտեի միջև, որն ամփոփվել է ՊԵԿ-ի կողմից օգոստոս ամսին ուղարկված ծանուցմամբ։ Ծանուցման մեջ հայտնվում է, որ «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» (ՀՎՀՀ 02697772) հիմնարկի նկատմամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետով սահմանված ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կիրառելի չէ։ Աղբահանության հիմնարկը գոծում է ավելի քան մեկ տարի, և, փաստորեն, այդ ամբողջ ժամանակահատվածում խուսափել է կատարել իր հարկային պարտավորությունները, ինչով պետությանը պատճառվել է էական վնաս։ Հետաքրքիրն այն է, որ ցանկացած այլ դեպքում իրավապահները կհարուցեին քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 205 հոդվածով՝ «Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու» հանցակազմով։ Ընդ որում, քրեական հետապնդման կենթարկվեր ոչ միայն մասնավոր կազմակերպության ղեկավարը, ինչպես տեղի ունեցավ «Սանիթեքի» դեպքում, այլ նաև ոչ իշխանական համայնքի ղեկավարները, ովքեր կփորձեին օրենքը յուրովի մեկնաբանելով՝ չկատարել հարկային պարտավորությունները։ Նշենք, որ գրությունն ուղարկվել է քաղաքապետարան ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի ստորագրությամբ՝ 8/11/2020թ.-ին։ Հատկանշական է, որ ՀԴՄ կտրոն չտրամադրող տնտեսվարողներին ու առհասարակ հարկեր չվճարող կազմակերպություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում էր զինվորից հաց գողացողներ: «Զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չի անել: Իր հարկերի վճարման հարցն օրենքով նախատեսված կարգով լուծեք և դրանից հետո միայն լավություն արեք: ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից: Եվ նման պահվածքը պետք է արժանանա համազգային արգահատանքի»,- մեկ այլ առիթով ասել էր Նիկոլ Փաշինյանը: Հետաքրքիր է՝ արդյոք այս պնդումը վերաբերում է բելերի՞ն, այդ թվում՝ նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին, թե՞ այստեղ էլ է գործում սև-սպիտակ տարբերակումը, և զիվորից հաց գողացողներ են միայն ընդդիմադիր հարկ չվճարողները: