Հայաստանի պատմության մեջ նման պոպուլիստական իշխանություն երբևէ չի եղել. Էդմոն Մարուքյան


Ես բոլոր թեկնածուներին էլ վատ եմ վերաբերում, որովհետև բոլորի հետ էլ կապված բազմաթիվ խնդիրներ կան:  Այս մասին Azatutyun. am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածուի հարցի ԱԺ-ում քննարկմանը և ԼՀԿ-ի դիրքորոշմանը:


Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի`պոպուլիստ լինելու մեղադրանքներին, Էդմոն Մարուքյանն ասաց. «Հայաստանի պատմության մեջ նման պոպուլիստական իշխանություն երբևէ չի եղել և նման պոպուլիստական իշխանությունը չի կարող մեղադրել ուրիշներին պոպուլիստ լինելու մեջ»:

Ֆեյսբուքյան հարցերից մեկը վերաբերում էր Էդմոն Մարուքյանի՝ Նիկոլ Փաշինյանին նախկինում ընկեր լինելուն և Էդմոն Մարուքյանն ասաց, որ քաղաքական գործունեության մեջ ընկեր-ընկեր չեն խաղում, այլ գաղափարների, տեսլականների մրցակցություն է տեղի ունենում: «Շատերը իշխանության մեջ մոռացել են իրենց անցած ճանապարհը: Հաց ուրանալ կա, բան կա, այդ կատեգորիաները՝ որպես մարդ, կարևոր են, բայց քաղաքականության մեջ դրա վրա չեմ կենտրոնացել, դրա դատավորը քաղաքացին է»,-ասաց նա:


Էդմոն Մարուքյանն ասաց, որ այսօրվա իշխանությունների մեջ տեսնում է  նախկիններին՝ գործողությունների առումով: «Իշխանությունը ցույց է տալիս, որ ամենաանսկզբունքայինն է գտնվում ամենասկզբունքային հարցերում, սկզբունք չկա: Խոսքը գնում է նրա մասին, որ Սերժ Սարգսյանի համար գծած համակարգը երկու տարվա մեջ չի փոխվել, համակարգի վրա բազմել է հեղափոխական իշխանությունը և այն ամբողջությամբ օգտագործում է»,-ասաց նա:

Անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, պատգամավորն ասաց, որ Արայիկ Հարությունյանը տոտալ կոմպետենտ չէ, ոչ մի կապ չունի համակարգի հետ, բուհերը չեն ապաքաղաքականացվել:

Հարցին, թե ինչպիսին է հարաբերությունը «Ելք»-ի նախկին պատգամավորներին հետ, Էդմոն Մարուքյանն ասաց.«Այս պահին գոյություն չունեն հարաբերություններ, վերջին հարաբերությունները ոտնատակ տրվեցին խորհրդարանում իր վրա հարձակման օրը»: