Մարիամ Փաշինյանը դիվանագիտական անձնագի՞ր է ստացել


Ընթերցողները թերեւս կհիշեն, թե իշխանափոխությունից հետո ինչպիսի աղմուկ բարձրացավ դիվանագիտական անձնագրերի հետ կապված հարցի շուրջ։ Իշխանափոխության էյֆերիայի պիկի վրա գտնվող նիկոլականները կոկորդ էին ճղում՝ հայտարարելով, թե սարսափելի կոռուպցիոն հանցանք է տեղի ունեցել եւ 395 հոգու տրվել է դիվանագիտական անձնագիր։ Ապա սկսվեց այդ անձնագրերի հետ հավաքագրումը։

Պարզվեց, որ դիվանագիտական անձնագրեր էին տրվել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներին, որոնք այդ ժամանակ զրկվեցին դիվանագիտական անձնագրից։ Այս առումով հիշելի է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նեղսրտումը դիվանագիտական անձնագրից զրկվելու հետ կապված։ Ինչ որ է աղմուկը, ինչպես ասում են, «միլիոն արժեր» եւ շաբաթներ շարունակ հանրությունը կերակրվեց այդ աղմուկով։ Սակայն հիմա էլ պարզվում է, որ նախկիններից ավելի «առատաձեռն» են ներկա իշխանությունները՝ դիվանագիտական անձնագիր տրամադրելու հարցում եւ երկու տարում հասցրել են դիվանագիտական անձնագրեր բաժանել 762 հոգու:

Ընդ որում, այդ 762 հոգուց առնվազն 369 հոգին դիվանագետներ չեն: Ինչ խոսք, ոչ միայն ինտրիգային է, այլ նաեւ սկանդալային, քանի որ ստացվում է, որ մի բան էլ ավել ներկայիս իշխանությունները նախկինների ուղիով են ընթանում։ Իշխանությունները ամեն կերպ ձգտում են խուսափել կոնկրետ ասելուց, թե ովքեր են ստացել դիվանագիտական անձնագիր վերջին երկու տարուց։

Հասկանալի է պատճառը անուններից բացի այն իրականությունն է, որը պարզելու է գործող իշխանությունների իրական դեմքը։ Պատահական չէ, որ հաճախ այս իշխանություններին անվանում են կլան կամ ընտանիքապետություն (ակամա իտալական մաֆիայի ընտանիքները հիշեցինք)։

Ըստ որոշ տեղեկությունների վարչապետի ընտանիքի անդամները ևս ունեն դիվանագիտական անձնագրեր։ Մեր աղբյուրների տեղեկացմամբ առնվազն Մարիամ Փաշինյանն ու Աշոտ Փաշինյանը ունեն նման անձնագրեր։

Politik-ը փորձել է պարզել վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանից, թե վարչապետի ընտանիքի անդամներից ովքեր ունեն դիվանագիտական անձնագիր, սակայն դեռեւս Մանե Գեւորգյանից պատասխան չի ստացվել։ Պատրաստ ենք հրապարակել նաեւ իրենց տեսակետը։