Մակրոնը պաշտպանել է ֆրանսիացիների՝ Աստծուն անարգելու իրավունքը



Ֆրասնիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է «իսլամական սեպարատիզմը», ինչպես նաեւ նրանց, ովքեր ձգտում են ստանալ Ֆրանսիայի քաղաքացիություն՝ չընդունելով «Ֆրանսիայում Աստծուն անարգելու իրավունքը», հաղորդում է AP-ը։

Մակրոնը պաշտպանել է Charlie Hebdo պարբերականը, որը կրկին հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք ոգեշնչել էին ֆրանսիական ծագմամբ երկու մահմեդական ահաբեկչի հարձակում գործել թերթի խմբագրության վրա 2015 թվականի հունվարին։


Շաբաթաթերթը կրկին հրապարակել էր ծաղրանկարները սեպտեմբերի 2-ին՝ Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակում գործած 14 մեղադրյալների դատի մեկնարկի օրը։

Ուրբաթ Ֆրանսիայում ժողովրդավարության պատմությանը նվիրված արարողության ընթացքում իր ելույթի ժամանակ Մակրոնն ասել է․ «Դուք չեք ընտրում Ֆրանսիայի մի մասը։ Դուք ընտրում եք Ֆրանսիան․․․ Հանրապետությունը երբեք թույլ չի տա սեպարատիվ արկածախնդրություն»։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիայում ազատությունը ներառում է «հավատալու կամ չհավատալու ազատություն։ Եւ դա անբաժան է կարծիքի արտահայտման ազատությունից մինչեւ Աստծուն անարգելու իրավունքը»։

Խոսելով վերոնշյալ դատավարության մասին՝ Մակրոնը նշել է․ «Լինել ֆրանսիացի նշանակում է պաշտպանել ծաղրելու, քննադատելու եւ ծաղրանկարներ անելու մարդկանց իրավունքը։

2015 թվականի ահաբեկչության հետեւանքով զոհվել է 17 մարդ, եւ դա դարձել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Եվրոպայում բռնության ալիքի մեկնարկը։