«Ժողովուրդ»․ ՄԱԿ-ը դրամաշնորհներ է տալիս Ազգային ժողովին. որ պատգամավորները կօգտվեն դրանից


«ՄԱԿ-ի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանի մի քանի հանձնաժողովների դրամաշնորհներ (գրանտներ) է տվել, որպեսզի վերջիններս նախագծեր ու օրենսդրական փաթեթներ ներկայացնեն: «ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նպատակն է հզորացնել Ազգային ժողովը պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում՝ օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում։


Ծրագիրը ռազմավարական և տեխնիկական աջակցություն է տրամադրում ՀՀ Ազգային Ժողովին և նրա մշտական հանձնաժողովներին։ Աջակցությունը տրամադրվում է անկուսակցականության սկզբունքով, երբ հանձնաժողովները, որոնք բաղկացած են թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության ներկայացուցիչներից, որոշում են կայացնում դիմում-հայտի վերաբերյալ: Ծրագրի շրջանակում ոչ մի դրամաշնորհ չի տրամադրվում։ Ծրագիրն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին տեխնիկական աջակցություն է տրամադրում՝ ուսումնասիրություններ և քաղաքականության վերլուծություններ իրականացնելու համար: Դիմում-հայտը հաստատվելուց հետո ծրագիրը կազմակերպում է գնումներ՝ համաձայն ՄԱԶԾ-ի գնումների ընթացակարգի»,-տեղեկացրեցին ՄԱԿ-ի գրասենյակից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ այդ ծրագրից օգտվում են ԱԺ 4 հանձնաժողովներ՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Մեր տեղեկություններով՝ այդ աջակցությունը տատանվում է 15-20 հազար դոլարի սահմաններում, որոնցից ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովը նպատակ ունի առաջիկայում կրթության ռազմավարության վերաբերյալ ծրագիր մշակել, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը և պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ այժմ նույն ծրագրի շրջանակներում նախագիծ են գրում, իսկ մյուս երկու հանձնաժողովները սեմինարներ են կազմակերպել ու օրենքի նախագծեր քննարկել»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: