Լեռնային Ղարաբաղ․ Թուրքիան բորբոքում է կրակը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Լը Մոնդ


Հարավային Կովկասում գտնվող Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում մեծամասամբ հայերով բնակեցված անջատողական անկլավ է, որտեղ ընթացող դաժան մարտերի պատճառով արդեն մոտ 100 մարդ է զոհվել։ Երևանն ու Բաքուն շարունակում են փոխադարձ մեղադրանքները։ Երեքշաբթի օրը սեպտեմբերի 29-ին երկու պետություններն էլ բացառել են բանակցություններ սկսելու հնարավորությունը։ Վիճահարույց Լեռնային Ղարաբաղի շրջանի վերահսկման շուրջ մոլեգնող հակամարտությունը սկսեց անհանգստացնել, երբ երեքշաբթի օրը Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանից թուրքական Ֆ-16 կործանիչը հայկական տարածքում խոցել է իր Սու-25 գրոհիչ օդանավերից մեկը։

Օդաչուն զոհվել է։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ Ֆ-16-ն օդ էր բարձրացել ադրբեջանական Գյանջա քաղաքի օդակայանից և ուղեկցում էր Հայաստանի Վարդենիս, Մեծ Մասրիկ և Սոդք համայնքների խաղաղ բնակչությանը ռմբակոծող ադրբեջանական ԱԹՍ-ներին։ Ռազմական և քաղաքական դաշնակից թուրքախոս Ադրբեջանն ու Թուրքիան շուտով հերքումներով հանդես եկան։ Թուրքիայի նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթին Ալթունը տարածել է, թե իբր այդ տեղեկատվությունը «բացարձակապես անհիմն է»։


Մինչդեռ Բաքուն վրդովված է «հայկական քարոզչության» հետևանքով։ Միջադեպը սակայն կասկածի տեղիք է տալիս, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բորբոքում է հակամարտության կրակը։ Հայկական կողմի պատասխանատուները կասկած չունեն, որ Անկարան ռազմապես կանգնած է Ադրբեջանի կողքին։

Խորը ատելություն

Թուրքիայի նպատակը Լեռնային Ղարաբաղի վերանվաճումը հեշտացնելն է։ 1988-1994թթ․ հայ անջատողականներն Ալպեր-Մարիտիմի դեպարտամենտի չափ այս աննշան տարածքը հարակից ադրբեջանական շրջաններով իրենց ձեռքը վերցրին, որի պատճառով 26 տարի ի վեր այն դարձել է սառը հակամարտության թատերաբեմ։ 1991թ․ ԽՍՀՄ փլուզումից հետո անկլավը շրջապատող ադրբեջանական յոթ շրջանները գտնվում են հայերի ռազմական օկուպացիայի տակ։ Այդ տարածքները վերանվաճել ցանկացող վճռական Ադրբեջանին աջակցում է թուրք դաշնակիցը։ Հավաստելուց հետո, որ Հայաստանը «տարածաշրջանի խաղաղությանը սպառնացող ամենամեծ վտանգն է», Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խոստացել է «բոլոր միջոցներով» սատարել հայկական ուժերի դեմ Ադրբեջանի ռազմարշավին։

Նա հորդորել է Հայաստանին անմիջապես դուրս գալ անջատողական շրջանից, խստորեն դատապարտելով միջազգային բանակցությունները, որոնք «երեսուն տարի ձախողել են այս հիմնահարցի լուծումը»։ Ի հեճուկս տասնյակ տարիներ ի վեր Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո ձևավորված Մինսկի խմբի ամերիկյան, ռուսական և ֆրանսիական կողմերի միջնորդությունների՝ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության շուրջ վեճը չի հաջողվել լուծել։ Թեև պատերազմի արդյունքում 30,000 մարդ զոհվեց և մեկ միլիոնն էլ տեղահանվեց, իսկ 1994թ․ ստորագրվեց զինադադար, այնուամենայնիվ իրավիճակը երբեք կայուն չի եղել։

Քրիստոնյա Հայաստանը և շիիթ Ադրբեջանն այս հակամարտության պատճառով համակված են միմյանց հանդեպ խորն ատելությամբ։ Բազմաթիվ նշաններ մատնում են, որ հայկական դիրքերի վրա ադրբեջանական բանակի նախահարձակման թիկունքում ռազմական Անկարան է։ Երկու դաշնակիցները փոխադարձաբար իրար սատարում են։

Անցյալ ամիս թուրքական բանակի հետ համատեղ Ադրբեջանում տեղի էին ունենում զորավարժություններ։ Հայկական կողմի բազմաթիվ պատասխանատուներ վստահեցնում են, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրում է Ֆ-16-եր, ԱԹՍ-ներ և սիրիացի գրոհայիններ։ Կիրակի օրը, սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների սիրիական դիտարանը[1] հաստատել է, որ Սիրիայում Անկարայի հովանավորյալ խմբավորումներից վարձկաններ էին տեղակայվել ադրբեջանական բանակի կողքին կռվելու համար։ Սիրիացի լրագրող Հուսեյն Ակուշը թվիթերում հրապարակել է այդ գրոհայիններից մեկի՝ ծագումով Հալեպի շրջանից, ալ-աթարիբցի Մուհամադ Շալանի լուսանկարը։ Թուրքերը նրան ուղարկել էին Ադրբեջան մեկ շաբաթ առաջ՝ խոստանալով բարձր աշխատավարձ, սակայն նա զոհվել էր հայ-ադրբեջանական մարտերում։

Երեքշաբթի օրն ադրբեջանցիները հարվածներ են հասցրել Հայաստանի հարավ-արևելյան Վարդենիսի շրջանից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող մի ավտոբուսի՝ սպանելով մեկ քաղաքացիական անձի։ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ հարվածը հասցվել է թուրքական արտադրության ԱԹՍ-ի կողմից։ Թուրքական կառավարամետ Յենի Շաֆակ օրաթերթը երեքշաբթի օրվա իր համարում պարծեցել է, որ թուրքական բանակի վերահսկողական ԱԹՍ-ները թռչում են հայկական տարածքով։

«Ըստ մեր տեղեկությունների՝ Թուրքիան հակամարտությունում առավել մեծ ներգրավվածության առիթ է փնտրում»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել է իր թուրք դաշնակցի մասնակցությունը՝ վկայակոչելով «բարոյական աջակցությունը»։ Եթե դա ապացուցվի, թուրքական ռազմական ներգրավվածությունը կարող է հակամարտությանը հաղորդել տարածաշրջանային ընդգրկում՝ հավասարակշռությունից գցելով Ադրբեջանին սատարող Անկարային և Հայաստանի հիմնական դաշնակից Մոսկվային։ Ռուսաստանը Հայաստանում ունի երկու ռազմակայան։ Երկու երկրները ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր, թեպետ այն չի վերաբերում խնդրո առարկա տարածքներին։ Վլադիմիր Պուտինը կիրակի օրվանից հիշեցրել և երեքշաբթի օրը «հրապարակավ» վերահաստատել է, որ «առաջնայինը ռազմական գործողություններին վերջ տալն է»։

Կորուստների չափերը անորոշ են

Կրեմլի ղեկավարը պնդել է «հրադադարի հրատապ անհրաժեշտության» մասին՝ «հակամարտությունը հարթելու համար»։ Նա հենց նոր է հեռախոսազրույց է ունեցել պարոն Փաշինյանի հետ։ Վերջինս ռուսական հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ բոլորովին խաղաղվելու նշաններ ցույց չէր տալիս։ «Սա պատերազմ է, կան շատ ավերածություններ, զոհեր, մեծ թվով զինվորականներ են ներգրավված։

Մենք սա ընկալում ենք որպես էկզիստենցիալ սպառնալիք»,-պնդել է նա՝ քննադատելով Թուրքիայի անկառավարելի «հարձակվողական» վարքը։ Ռուսաստանը երկու խաղ է տանում՝ հայկական և ադրբեջանական։ Տարիներ ի վեր Մոսկվան զինում է երկու ճամբարներին։ Կրեմլը շահագրգռված չէ մի նոր բռնկմամբ, սակայն կասկածներ կան, որ ցանկանում է պահպանել ստատուս քվոն սեփական ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը բավարարելու և տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու համար։ Բացի զենքի վաճառքից Ռուսաստանը երկու նախկին խորհրդային հանրապետությունների հետ ունի տնտեսական սերտ հարաբերություններ։ Ըստ վերջին տվյալների՝ մարտադաշտում զոհվել է 97 մարդ, որոնցից 80 անջատողական զինվորներ և 17 քաղաքացիական անձ (12-ը ադրբեջանական և 5-ը հայկական կողմից)։

Սակայն ամենամեծ անորոշությունը տիրում է կորուստների չափերի մասով։ Երկու ճամբարներն էլ հաստատում են, որ հակառակորդին պատճառել են հարյուրավոր զոհեր։ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 137 տանկ, մեկ ինքնաթիռ, 82 փոխադրամիջոց։ Կիրակի օրը Բաքուն հայտարարել էր, որ գրավել է գյուղեր և մեկ ռազմավարական բարձունք, հայկական ուժերը երեքշաբթի օրը հայտնել են, որ վերանվաճել են կորցրած դիրքերը «ճակատի հարավային և հյուսիսային հատվածներում»։ Մերժելով նահանջի մասին որևէ լուր՝ ադրբեջանական բանակն ընդհակառակը նշում է իր զորքերի նոր առաջխաղացման մասին։

Նիկոլա Ռյուիսո և Մարի Ժեգո

Մոսկվա, Ստամբուլ – թղթակիցներ

Ամբողջական ֆրանսերեն հոդվածը այստեղ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ

[1] Հասարակական կազմակերպություն, կենտրոնը՝ Քովենթրի, Մեծ Բրիտանիա։