ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ՒՄ ԵՔ ՆՄԱՆ ՍԽԱԼՆԵՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԱՆԵԻՆ


Ռազմական դրության ամենակարեւոր կետերից մեկը ոչ պաշտոնական լրատվությունը կանխելն էր։ Ինչն արվում է՝ իբրեւ թե այն մտահոգությամբ, որ կեղծ լուրերով չապակայունանա իրավիճակը, խուճապ չառաջանա, թեեւ՝ պարզ է, որ ավելի շատ իշխանություններին ուղղված քննադատությունն ու ձախողումների թեմայի արծարծումը կանխելն է։ Բայց մենք՝ լրագրողներս կարգուկանոնին ենթարկվող մարդիկ ենք եւ համաձայն չլինելով՝ կատարում ենք Ռազմական դրության օրենքի պահանջները։ Ոչ մի հրապարակում չենք անում՝ ռազմաճակատում տիրող իրավիճակի հետ կապված՝ ոչ զորքերի տեղաշարժի, ոչ զոհերի քանակի, ոչ մեր կորուստների մասին՝ միայն պաշտոնական տեղեկություններ։

Սակայն ամբողջ բանն այն է, որ պաշտոնական տեղեկատվությունը մեզանում հավատ չի ներշնչում։ Ոչ միայն պաթոլոգիկ ստախոսության, այլ նաեւ անկազմակերպ ու փնթի աշխատանքի պատճառով։ Դա է պատճառը, որ արդեն որերորդ դեպքն է հենց Պաշտպանության նախարարությունն է զոհվածների անունների մեջ շփոթություն թույլ տալիս։ Դուք պատկերացնո՞ւմ եք այն ծնողների վիճակը, ում որդու անունը հայտնվում է զոհերի ցուցակներում, իսկ հետո պարզվում է՝ ընդամենը սխալվել են։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե որեւէ լրատվամիջոց նման սխալ թույլ տար, ինչ կանեին նրա հետ։ Ասենք՝ եթե դա լիներ «Հրապարակը»։

Իսկ ՊՆ-ին, փաստորեն, թույլատրված է։ Կարող ենք 2 օրվա մեջ առնվազն 3 անգամ նման սխալ թույլ տալ, հետո մի թույլբերան ներողություն խնդրել ու անցնել առաջ։ Ասենք, օրինակ, գրել․ «Հարգելի հայրենակիցներ, հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»:

Մենք շատ ավելի ներելի սխալների դեպքում ենք ներողություն խնդրում, բայց ներման չենք «արժանանում»՝ ոհմակով հարձակվում են մեզ վրա ու բզկտում։ Իսկ պետությունն՝ իր ահռելի աշխատակազմով, նախարարությունում նստած հազարավոր պաշտոնյաներով ընդամենը մի բան պիտի անի՝ այս լարված պահին ստուգված տեղեկություններ հայտնի մահվան դեպքերի մասին, որ ծնողները մահվան դուռը չհասնեն, այդ էլ չի կարողանում անել։