Լավրովը չեղարկել է Բեռլին կատարելիք այցը


Մոսկվան չեղարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Գերմանիա, որը նշանակվել է սեպտեմբերի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:


Լավրովն իր գերմանացի պաշտոնակից Հայկո Մաասի հետ պետք է մասնակցեր Գիտակրթական գործընկերության խաչաձև տարվա փակման արարողությանը, որի անցկացման ամսաթիվը համաձայնեցրել էին դեռևս անցյալ տարի և հաստատել օգոստոսի 11-ին:

Սակայն սեպտեմբերի 3-ին գերմանական կողմը տեղեկացրել է Մաասի աշխատանքային գրաֆիկի փոփոխության և արարողությանը նրա մասնակցության չեղարկման մասին: Բեռլինում նախարարների երկկողմ հանդիպմանը հատկացվել է մեկ ու կես ժամ:


«Այդպիսով, Սերգել Լավրովի՝ Գերմանիայի մայրաքաղաք ուղևորության նախնական և հիմնական նպատակը արդիական չէ, իսկ երկկողմ բանակցությունների առաջարկված ձևաչափը խիստ կրճատված է»,- մեկնաբանել են գերատեսչությունում:

ԱԳՆ-ից հավելել են, որ հաշվի առնելով «խաչաձև» տարվա հաջող ավարտը՝ Լավրովը ողջույնի խոսք կուղղի փակման արարողության մասնակիցներին: