ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՉ ՄԻ ԲԺԻՇԿ ՉԻ ՄՈՏԵՑԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՄԱՀԱՑԱԾԻ ՈՐԴՈՒՆ


Տեղեկացրել էինք, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած կնոջ՝ 69-ամյա Սվետլանա Բարսեղյանի հարազատներին հիվանդանոցից տրամադրել են այլ կնոջ ID քարտ, իրեր, նաև՝ կնոջ ատամները կոտրված են, և որդին՝ Արմենը, որն այսօր մոր հուղարկավորությանը պետք է մասնակցի, առավոտվանից հիվանդանոցի դռներին էր՝ պարզաբանում ստանալու համար։ Բայց ապարդյուն։ 

Քիչ առաջ Արմենը «Հրապարակին» հայտնեց, որ, ի վերջո, մոր հեռախոսները ստացել է, բայց ոչ մի պատասխան, թե ինչպես կարող էր մոր ատամնաշարը փշրվել։


«Մեզ ոչ ոք այդպես էլ չմոտեցավ։ Իջան 25-26 տարեկան ինչ-որ լակոտներ՝ պրակտիկանտի դեմքով, մեկը մյուսի վրա են գցում, կամ՝ «բժշկին դիմեք», բժիշկ չկա, ռեանիմացիայում չեն պատասխանում։ Տնօրենի հետ էլ կապ հաստատելն ընդհանրապես անհնար է»,-ասաց Արմենը։

Ինչպես հայտնի է՝ կորոնավիրուսից մահացածների դիերը փակ դագաղով են հուղարկավորում։ Ինչպե՞ս են, ուրեմն, հարազատները նկատել, որ Սվետլանայի ատամները ջարդված են։ Որդին ասաց՝ «պիտի ճանաչեի՞նք, հազիվ ենք ճանաչել»։