Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Իրավունք ունենք կասկածի տակ դնել թե քննիչների, թե դատախազների...


«Հարգելի դատարան, ցանկացած գործով պաշտպանության կողմն իրավունք ունի կասկածի տակ դնել քննիչի, դատախազի գործողությունները։ Հենց դրա համար ենք մենք դատավարության մասնակից»,- ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ արձագանքելով դատախազների առարկություններին։

Նա նկատեց, եթե իրենք դուրս գան այն կանխավարկածից, թե քննիչն ու դատախազն ամեն ինչ անում են օրինական, ոչ պաշտպանների, ոչ էլ դատարանի կարիքը չէր լինի։ «Մենք իրավունք ունենք դա բոլոր գործերով, բայց այս գործով առավել ևս։ Իրավունք ունենք Հրաչյա Մուշեղյանի գործողությունները կասկածի տակ դնել, որովհետև բամիցս հաստատվել է այդ գործողությունների ապօրինի լինելը, իրավունք ունենք կասկածի տակ դնել դատախազների գործողությունները, քանի որ դրանք էլ խախտումներ են պարունակել ու արձանագրվել են դատարանների կողմից»,- ասաց Խուդոյանը։ Նա ավելացրեց, որ ներկայացված միջնորդության շրջանակում դա իրենց առավել քան հիմք է տալիս կասկածի տակ դնելու վարույթն իրականացնող մարմնի ու դատախազների առաքինությունը։ «Այդ բառից թող չնեղանան, քանի որ բազմաթիվ խախտումներ են արձանագրվել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։ Խուդոյանն ընդգծեց, քանի որ քրեական գործի որոշ նյութերի իրենք կարողացել են ծանոթանալ տարբեր հրապարակային դատական նիստերից, կան դատարանների կողմից փաստական տվյալներ, որոնք այս գործում չկան։ «Առաջիկայում մեկ-երկու նման տվյալ կներկայացվի, այն համատեքստում, որ նման տվյալներ եղել են։ Բայց որպեսզի մենք չասենք, տվեք 600 հատորը, բացառությամբ օրինակ, 40 հատորի, մենք ասում ենք, տվեք գործի բոլոր նյութերը»,- նկատեց Խուդոյանը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել մարտի 1-ի մայր գործի նյութերն իրենց ամբողջությամբ տրամադրելու վերաբերյալ։

Մասնավորապես, պաշտպանները պահանջել են գործի նյութերը ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը։ 600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր։

Պաշտպանները հայտնել են, որ քննիչը ընտրել է միայն այն հատորները, որտեղ կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել Ռ․ Քոչարյանի դեմ։ Մինչդեռ գործի նյութերում կան բազմաթիվ ցուցմունքներ և ապացույցներ, որոնցով սույն գործով անցնող անձանց առաջադրված մեղադրանքը կարող է հերքվել, և նրանք կարող են արդարացվել։