Քոչարյանն «ինքնառաջադրվեց»

Սեպտեմբերի 2-ին ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ հայկական քաղաքական որոշակի շրջանակներ անթաքույց հրճվանքով դա ներկայացրին որպես հաստատում այն փաստի, թե Ռուսաստանը որպես ՀՀ իշխանությունների այլընտրանք տեսնում է հենց Քոչարյանին։ Ըստ երեւույթին Քոչարյանն ինքն էլ էր հարցազրույցի փաստն այդպես ընկալել եւ դերի մեջ էր մտել՝ փառաբանում էր Ռուսաստանը, ռուս ժողովրդի պետական մտածողությունն ու ինտելեկտուալ պոտենցիալը եւ այլն։ Իր գործն է, իհարկե, պարզապես երեւի չարժեր դա անել սեփական ժողովրդի հաշվին՝ մեզ ներկայացնելով որպես պետականության արժեքը չգիտակցող ու նեոլիբերալիզմի դատարկ գաղափարներով հրապուրված «անհասկացողների» զանգված։ Բայց խնդիրը դա չէ։

Քոչարյանի հարցազրույցն, իհարկե, առաջին հերթին ռուսական լսարանին ու այդ երկրի իշխանություններին էր ուղղված, հիմնական ասելիքն էլ, եթե մի կողմ թողնենք գեղեցիկ ձեւակերպումները, հետեւյալն էր. «արագացրեք, մի բան արեք, Հայաստանը ձեր ձեռքից գնում է, վերջապես ե՞րբ եք Արեւմուտքից սովորելու փափուկ ուժ կիրառել գոնե ձեր հարեւան երկրներում եւ ձեր նկատմամբ լոյալ իշխանություններ ձեւավորելու, ես էլ «կակռազ» վերադարձել եմ մեծ քաղաքականություն ու համոզված եմ, որ առանց Ռուսաստանի Հայաստանն ապագա չունի»:

Ուշադրություն դարձրեք՝ Ռոբերտ Քոչարյանի այս «ինքնառաջադրման» կամ «ինքնամատուցման» մեջ որեւէ արտառոց բան չկա։ Գուցե նա մեր հարյուր հազարավոր (եթե ոչ միլիոնավոր) քաղաքացիների պես անկեղծորեն համոզված է, որ Հայաստանի ապագան կախված է բացառապես Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունից, եւ իրենից կախված ամեն ինչ անում է՝ այդ բարեհաճ վերաբերմունքն ապահովելու համար։ Բայց այստեղ երկու հարց է առաջանում։

Առաջին։ Հայ-ռուսական հարաբերություններն իսկապես չափազանց կարեւոր են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար, ու միանգամայն հասկանալի է նաեւ Ռուսաստանի ցանկությունը՝ Հայաստանում տեսնել այնպիսի իշխանությունների, որոնց համար աշխարհի կենտրոնը Մոսկվան է, ընդորում՝ միա՛կ կենտրոնը։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի Ռուսաստանի իշխանությունները Հայաստանում  «խաղադրույք կատարեն» մի քաղաքական գործչի վրա, որը բացարձակապես չի վայելում հանրության համակրանքը եւ առնվազն հասարակության մեծամասնության կողմից ընկալվում է որպես կոռուպցիայի քայլող խորհրդանիշ։

Հասկանալի է, չէ՞, որ Ռուսաստանում ուշադրությամբ հետեւում են մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին, տիրապետում են ներքաղաքական իրավիճակին ու լավ գիտեն, որ եթե Հայաստանում  «իրենց մարդը» Քոչարյանը լինի, դրա արդյունքում կփոխվի մեր վերաբերմունքը ոչ թե Քոչարյանի, այլ Ռուսաստանի նկատմամբ։

Երկրորդ։ Քոչարյանը հայտարարում է, թե Թուրքիան Հայաստանի համար լրջագույն սպառնալիք է, եւ ըստ էության մեր տարածաշրջանում Թուրքիային զսպող միակ ուժը Ռուսաստանն է։Այսինքն՝ արձանագրում է, որ եթե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները փչանան, դա կվտանգի Հայաստանի ֆիզիկական գոյությունը։ Հարց՝ բա այդ դեպքում ինչո՞ւ է հենց ինքն էլ իրենից կախված ամեն ինչ անում, որ այդ հարաբերությունները փչանան, ինչո՞ւ է Հայաստանի իշխանություններին ներկայացնում որպես հակառուսական գործունեություն ծավալող արեւմտամետների, եւ ի վերջո՝ ռուսաստանյան բազմամիլիոնանոց լսարանին նման անհեթեթություններ ներշնչելով՝ ինքը Հայաստանին օգո՞ւտ է տալիս, թե վնաս։

Սրանք հարցեր են, որոնք ռուս լրագրողը, բնականաբար, չէր հնչեցնելու։ Այս հարցերն առավելապես մեր հանրությանն են հետաքրքրում։ Թեեւ պատասխանները վաղուց են հայտնի։