ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ ՆՈՐ ՓՈՂՈՑՆԵՐ ԿԼՈՒՍԱՎՈՐՎԵՆ

Սահմանապահ գյուղին աջակցելու՝ գործընկեր կազմակերպությունների որոշումն արդեն աշխատանքային ընթացք է ստացել: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն սկսել է էներգախնայող համակարգի ներդրման երկրորդ փուլի աշխատանքները: Դրանք ժամանակավորապես ընդհատվել են՝ հուլիսին սահմանում տիրող իրավիճակի պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերսկսվել են:

Երեսուն տարվա խնդիրը լուծելու համար, սահման պահող գյուղը ժամանակին հնարամիտ մոտեցում է դրսեւորել: Ֆինանսական միջոցներով պայմանավորված՝ հարցը լուծվել է մասամբ. ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է, այլ այնպես, ինչպես հնարավոր է: Հակառակորդի անկանխատեսելի վարքագծից խուսափելու նպատակով՝ թույլ լուսավորող լուսատուներն ամրացվել են տարբեր նպատակի ծառայող փայտյա հին սյուներին: Իսկ դրանք անձրեւաջրերից պաշտպանելու համար՝ որպես պաշտպանիչ կաղապար, օգտագործվել են ըմպելիքների համար նախատեսված պլաստմասսե տարաները: LED լուսատուներով գյուղը համալրելու՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությունից հետո ինքնաշեն լուսատուներն այլեւս չեն շահագործվել: «Երբ առաջին անգամ տեսանյութում տեսա, թե ինչպես եք փորձել ձեր ուժերով լուծել լուսավորության խնդիրը, զգացի, որ անհրաժեշտ է շատ արագ արձագանքել։


Ուրախ եմ, որ հիմա խնդիրը կարգավորվել է։ Սահմանապահ գյուղում ապրողը պետք է վստահ լինի, որ անտեսված չէ։ Ամուր մնացեք, շենացրեք հողը եւ միշտ լավատես եղեք։ Ձեր կողքին ենք»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2019 թվականին գործընկերները Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրել են 48 LED լուսարձակ՝ լուսավորելով կարեւոր նշանակության շուրջ 1800 մ հատված: Ընթացքում են շուրջ 1200 մետրի լուսավորության աշխատանքները: Այդ նպատակով կտեղադրվի եւս 32 LED լուսարձակ: Գյուղի վարչական ղեկավարը կարեւոր է համարում ժամանակակից համակարգի ընձեռած առավելությունը:

«Եթե նախկինում ժամը 19:00-ից հետո մարդիկ տնից դուրս չէին գալիս, այժմ այլ պատկեր ունենք: Ոգեւորությունը մեծ է. անգամ կեսգիշերից հետո գյուղում շարժ կա: Մարդիկ համեմատաբար հանգիստ են, գյուղը կանգուն է եւ հակառակորդի կողմից երեւում է լույսերի մեջ»,- ասել է վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը:

Մինչեւ տարեվերջ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայաստանի տարբեր մարզերում կլուծեն փողոցների լուսավորության խնդիր: LED լուսատուները խնայողության, բնապահպանական արդյունքի եւ լույսի որակի տեսանկյունից առայժմ անգերազանցելի են: