Ալկոհոլի թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը կալանավորվեց առանց հիմքերի գոյության. պաշտպան



Դատարանն ապօրինի ու չպատճառաբանված որոշմամբ կալանավորեց Աշոտ Հովսեփյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ալկոհոլային  թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը:

«Դատավորը չկարողացավ իրեն վեր դասել հասարակական կարծիքից ու կայացնել օրինական որոշում։ Կալանավորումը կիրառվեց առանց դրանց հիմքերի գոյության»,-նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին՝ ընդհանուր 46 դեպք,  որից 17-ը մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։

Դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։ Ձերբակալվել էր երեք անձ, որոնցից մեկը Աշոտ Հովսեփյանն է:

Նշենք, որ այս պահին Աշոտ Հովսեփյանը թոքաբորբ ունի, ծանր դրսեւորված շաքարային դիաբետ, օրը մի քանի անգամ ինսուլին են ներարկում: